ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Իլհամ Ալիևի սադրիչ հայտարարությունը, թե, իբր, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենա նույն իրավական ռեժիմը, ինչ Լիչինի միջանցքը՝ չնայած որևէ եռակողմ հայտարարության մեջ նման բան նշված չէ: Հակառակ դեպքում, ըստ Ալիևի, Ադրբեջանը նույնպես Լաչինի միջանցքում կհիմնի իր մաքսակետերը։ Զախարովան նշել է, որ հայտարարությունները պետք է ունենան միևնույն նպատակը՝ աշխատեն արդյունքի հասնելու և համապատասխան մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը ֆիքսում է խնդիրները, շատ գործ է անում կողմերի հետ թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ աշխատանքում։
«Բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ շատ կարևոր է ստեղծել և ձևավորել համապատասխան մթնոլորտ: Տեղեկատվական ոլորտում մենք պետք է ցույց տանք, որ կան դրական կողմեր, այլ ոչ թե անվերջ խնդրահարույց հարցերը հիմնական դարձնենք, իսկ մնացածը՝ կախված դժվարություններից»,- ընդգծել է Զախարովան։
Անդրադառնալով Լաչինի միջանցքում մաքսակետեր ստեղծելու մասին Ալիևի հայտարարությանը, որն, ի դեպ, նախատեսված չէ եռակողմ հայտարարություններից որևէ մեկով, Զախարովան նշել է. «Նախաձեռնությունները, որոնք հաջորդում են Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքներին, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների շարունակությունն են։ Նրանց բովանդակային քննարկումը շարունակվում է փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի միջոցով»։
ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ այդ մեխանիզմի շրջանակում դիտարկվում է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերի ամբողջ համալիրը, այդ թվում՝ տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտային կապերի վերականգնումը։
«Ինչպես Սոչիում պայմանավորվել են պետությունների ղեկավարները, մենք աշխատում ենք կոնկրետ տրանսպորտային նախագծերի հնարավորինս շուտ մեկնարկի ուղղությամբ։ Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները լրատվամիջոցներին կտեղեկացնեն իրենց աշխատանքի արդյունքների մասին»,- ասել է մամուլի քարտուղարը։