ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին, հայտնեց, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի համար ուսումնասիրում են տարբեր թվականների քարտեզներ։
«Մենք հիմա խոսում ենք, որ պիտի սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա լինի։ Այդ քննարկումը գոյություն ունի, թե որ թվի քարտեզներով պետք է դելիմիտացիան ու դեմարկացիան տեղի ունենա։ Կա 1975 թվականի քարտեզ, կան 1969, 1929 թվականների քարտեզներ։
Մենք հիմա այդ բոլոր քարտեզները մանրամասն ուսումնասիրում ենք։ Տեսնում ենք, որ տարբեր տարբերակներով կան քարտեզներ, որտեղ մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս Հայաստանի տարածքից։ Մենք հիմա նայում ենք սցենարներ, քննարկում ենք՝ այ, եթե այսպես ընթանան սցենարները, մենք ի՞նչ խնդիր կունենանք, կունենա՞նք, թե՞ չենք ունենա, եթե հանկարծ ունենանք, ինչպե՞ս կարող ենք հաղթահարել այդ խնդիրը։
Օրինակ՝ 1975 թվականի քարտեզներով Բերքաբեր գյուղի վարելահողերի 90 տոկոսը այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Վազաշեն գյուղի հողատարածքների մի զգալի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ է, Պառավաքար գյուղի վարելահողերի մեծմասնությունն Ադրբեջանի վերահսկողության տակ է»,- ասաց Փաշինյանը։