Ամբողջ աշխարհի կաթոլիկները, բողոքականներն ու ուղղափառ եկեղեցիների մեծ մասի հետևորդներն այս ուրբաթ առանձնահատուկ հանդիսավոր օր ունեն՝ Սուրբ Ծննդյան նախօրեն:
Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 25-ին։ Բացառություն են կազմում Երուսաղեմի, ռուսական, վրացական և սերբական ուղղափառ եկեղեցիները, որոնք այս տոնը նշում են հունվարի 7-ի գիշերը՝ հայտնում է Euronews-ը:
Այս տարի էլ, նախորդի նման, Սուրբ Ծնունդը կանցկացվի COVID-19-ի դեմ սահմանափակումներով և դիմակներով։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահեցրել է, որ մինչև Նոր տարի երկրում նոր սահմանափակումներ չեն մտցվի, սակայն չի բացառել 2022 թվականին հակավիրուսային միջոցառումների խստացումը։
Գերմանիան էլ է որոշել COVID-19-ի դեմ նոր խիստ միջոցներ կիրառել Սուրբխծննդյան տոնակատարություններից հետո։
Իտալիայում տոների նախօրեին իշխանությունները կվերադարձնեն փողոցներում դիմակների պարտադիր կրումը։ Դա հիվանդացության աճը զսպելու լրացուցիչ միջոցներից մեկն է: Ի դեպ, Իտալիայի բնակչության գրեթե 90 %-ը լիովին պատվաստված է:
Ֆրանսիայում էլ, նախնական հաշվարկներով, մոտ 500 հազար մարդ Սուրբ Ծնունդը կանցկացնի ինքնամեկուսացման մեջ։ Դեկտեմբերի 16-ից օրական վիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 50 հազարը, իսկ դեկտեմբերի 22-ին գրանցվել է օրական 84,2 հազար դեպք։ Այս բոլոր մարդիկ ստիպված կլինեն միայնակ տոնել Սուրբ Ծնունդը, քանի որ ֆրանսիական օրենքով՝ դրական թեստ անցած քաղաքացիները պետք է 10 օր անցկացնեն ինքնամեկուսացման մեջ։