Աշխատող-գործատու արտադատական ճանապարհով աշխատանքային իրավունքների պաշտպանության իրացման առումով ակտիվ շարժ է նկատվում: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են՝ իրազեկման արշավները նպաստել են, որ քաղաքացիները սկսեն բարձրաձայնել իրենց խնդիրների մասին: Դիմում-բողոքներ են ներկայացնում թե՛ էլեկտրոնային, թե՛ գրավոր տեսքով:
Աշխատանքային օրենսդրության վերահսկողության ոլորտում հարուցվել է 493 վարչական վարույթ, որից 269-ը՝ դիմումի հիման վրա:
493 վարչական վարույթներից 292-ը կարճվել է, որից 85-ը՝ դիմումից հրաժարվելու հիմքով, ընդունվել է 112 վարչական ակտ՝ տրվել է խախտումները վերացնելու վերաբերյալ կարգադրագիր:
Դիմումի հիմքով հարուցված 269 վարչական վարույթներից 165-ը կարճվել են: Դիմումից հրաժարվելու հիմքով կարճված վարչական վարույթները կազմում են դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթների ավելի քան 31.6 տոկոսը:
Ստացված 269 դիմում-բողոքից 266-ը վերաբերել են աշխատանքային օրենսդրության խախտումներին, իսկ 3-ը աշխատողների առողջության պահպանմանը և անվտանգության ապահովմանը:
Եղել են դիմումներ, որոնք վերաբերել են վերջնահաշվարկ չկատարելուն, օրենքով սահմանված ժամկետում աշխատավարձը չվճարելուն, աշխատանքային պայմանագրերի լուծման կարգը չպահպանելուն և այլ խախտումներին: Տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներն իրականացնում է երկու գործիքի միջոցով՝ ստուգումների անցկացնում, ստացված դիմում-բողոքների հիմքով հարուցվող վարչական վարույթներ:
Իգիթ Հակոբյան (ԱԱՏՄ օրենսդրության վերահսկողության վարչության պետ) - Եթե հայտնաբերվում են որոշակի իրավախախտուներ, բնականաբար, տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվում են կարգադրագիր-առաջադրանքներ, և ողջամիտ ժամկետ է սահմանվում խախտումները վերացնելու համար: Դրանից բացի՝ արձանագրված վարչական իրավախախտումների հիմքով իրականացվում է գործի քննություն, որի շրջանակներում եթե հաստատված է համարում տեսչական մարմինը, որ իրականում թույլ է տրվել իրավախախտում, ապա գործատուն վարչական պատասխանատվության է ենթարկվում:
Ընդգծում է՝ աշխատողների գործունեությունը օրինական դաշտում բխում է հենց իրենց շահերից, քանի որ աշխատանքային հարաբերությունները ծագում են գործատուի և աշխատողի միջև գրավոր աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի հիմքով: Տեսչական մարմնի վերահսկողության իրականացման համար պետք է լինի այդ փաստաթղթերից մեկը:
Իգիթ Հակոբյան - Աշխատանքային օրենսդրությունը սահմանում է, որ աշխատանքային իրավահարաբերությունների հաստատումը կատարվում է դատական կարգով, այսինքն՝ աշխատողները զրկված չեն այդ իրավունքից, կարող են դատական կարգով վիճարկել և հաստատել նաև աշխատանքային հարաբերությունները, սակայն քանի որ դա և՛ ժամանակատար է, և՛ բավականին ռեսուրսներ է պահանջում, ըստ էության, ավելի ցանկալի է, որ այդ հարաբերությունները ծագեն օրինական դաշտում, որ տեսչական մարմինը իր ողջ գործիքակազմով կարողանա վերահսկողական գործառույթներ իրականացնել:
Աշխատանքային իրավահարաբերությունների ընթացքում ծագած յուրաքանչյուր խնդրով քաղաքացիները կարող են ահազանգել 81-07 թեժ հեռախոսահամարին, բողոք-դիմում ներկայացնել employeeprotect.am հարթակին կամ տեսչական մարմնի [email protected] էլեկտրոնային փոստին: