ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրատվամիջոցների և ՀԿ-ների հարցերին։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Փաշինյանը նշեց, որ դրանք կարգավորելու ակնկալիք կա։
«Մեզ համար կարևոր է տարանցիկ ուղիներ ստեղծելու, կառուցելու, ձևավորելու օրակարգը։ Օրինակ՝ Թուրքիայի հետ հարաբերություններում, եթե պարզվի, որ այս հնարավոր ստեղծվող, բացվող կոմունիկացիաներն ավելի մեծ և ընդարձակ տարածաշրջանային նշանակություն կարող են ունենալ, դա, իհարկե, մեր օրակարգի կարևորագույն հարցերից մեկն է։ Օրինակ՝ սահմանի և հայ-թուրքական երկաթուղու բացումը և այդպես շարունակ։ Հիմա խոսք է գնում օդային հաղորդակցության վերաբացման մասին, ինչը մենք դրական ենք գնահատում և ողջունում ենք այդ մոտեցումը։ Հույս ունեմ, որ փոխադարձ թռիչքները կսկվեն։ Մեր ակնկալիքը հարաբերությունների կարգավորումն է։
Բայց մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք շատ բարդ խնդրի հետ, որն ունի բազմաթիվ նրբություններ, զգայունություններ, այդ հարցի վերաբերյալ ՀՀ-ում կա շատ էմոցիոնալ վերաբերմունք»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպմանը, Նիկոլ Փաշինյանը նշեց․
«Այս պահին այդպիսի հանդիպում նշանակված չէ, և ես հույս ունեմ, որ հնարավորինս արագ կնշանակվի։ Ինձ թվում է՝ բանագնացներին աջակցող թիմեր կլինեն։ Մեր արտաքին գործերի նախարարությունը կձևավորի աջակցող խումբ, որը մեր բանագնացին աջակցություն կցուցաբերի։ Դա կարևոր, ծավալուն աշխատանք է»։