ԼԱՎՐՈՎԸ՝ ՆԱՏՕ-ԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՄԱՍԻՆ
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարը լուրջ ռազմական ռիսկեր է պարունակում, ընդհուպ մինչև Եվրոպայում լայնածավալ հակամարտություն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր սահմաններին հարվածային հրթիռների հայտնվելու հեռանկարը անընդունելի սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նվազեցնել լարվածության աստիճանը:
ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ ՉԺՀ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՀՐԹԻՌՆԵՐ Է ԱՐՏԱԴՐՈՒՄ
Սաուդյան Արաբիան Չինաստանի օգնությամբ բալիստիկ հրթիռների արտադրությամբ է զբաղվում: Ըստ CNN-ի՝ նման եզրակացության են եկել ամերիկյան հատուկ ծառայությունները՝ ուսումնասիրելով արբանյակային լուսանկարները:
Հաղորդվում է, որ դա կարող է բարդացնել Իրանի միջուկային հավակնությունները զսպելու փորձերը, քանզի Թեհրանը չի համաձայնի դադարեցնել բալիստիկ հրթիռային ծրագիրը, եթե Սաուդյան Արաբիան ունենա նման արտադրություն։
Սաուդյան Արաբիան նախկինում Չինաստանից բալիստիկ հրթիռներ էր գնում, քանի որ չուներ սեփական տեխնոլոգիաները և արտադրություն սկսելու հնարավորություն։ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ նման համագործակցությունը չի խախտում միջազգային իրավունքի ոչ մի նորմ:
ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՌԵՑՐԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 400 ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱԿՏԻՎ
Թուրքիան ահաբեկչության ֆինանսավորման պատճառաբանությամբ սառեցրել է ընդհանուր առմամբ ավելի քան 400 քաղաքացու և ԱՄՆ-ում գործող Niagara Foundation հիմնադրամի ակտիվները։ Թուրքական իշխանությունները նրանց կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ:
Ավելի վաղ շուրջ 200 քաղաքացու ակտիվներ էլ սառեցվել էին Քրդստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հետ գործակցության մեղադրանքով։
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՌԴ-Ն ՃՆՇՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՔՐԴԵՐԻ ՎՐԱ
Թուրքիան և Ռուսաստանը ճնշում են գործադրում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդերի վրա՝ պահանջելով գործակցել Դամասկոսի կառավարության հետ, հայտնում է Reuters-ը:
Երկու երկրներն Իրանի հետ համատեղ հայտարարություն են տարածել՝ իրենց աջակցությունը հայտնելով Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Երեք երկրները մտահոգված են նաև Եփրատից արևելք՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում անջատողական խմբավորումների ներկայությամբ: Ըստ գործակալության՝ Դամասկոսը, ցանկություն չունի քննարկել քրդական ուժերի առաջարկները, որոնց թվում է Սիրիայի դաշնայնացումը:
ԵԹՈՎՊԻԱՅՈՒՄ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԽՈՐԱՆԱ
Մոտ 22 միլիոն եթովպացիներ մարդասիրական օգնության կարիք կունենան 2022 թվականին, հայտնում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը: Սպասվում է, որ Եթովպիայում հումանիտար ճգնաժամը կխորանա շարունակվող հակամարտությունների, երաշտի, ջրհեղեղների, հիվանդությունների բռնկման պատճառով:
ՄԱԿ-ի գնահատմամբ՝ ներկայումս երկրում շուրջ 3,7 միլիոն մարդ շտապ օգնության կարիք ունի, իսկ ներքին տեղահանվածների թիվը հասնում է 4 միլիոնի:
Հումանիտար խնդիրների հաղթահարման համար Եթովպիային անհրաժեշտ է 1.4 միլիարդ դոլարի օգնություն: