Հայկ Մելիքյանի նոր ստեղծագործությունն է՝ «Երևանյան կամպանելլան»՝ գրված դաշնամուրի և քաղաքային ժամացույցի զանգերի համար, որը տաղանդավոր դաշնակահարը նվիրում է Հայաստանի գլխավոր ժամացույցի 80-ամյակին: Հոբելյանի առիթով հենց գլխավոր ժամացույցի սրահից կներկայացվի Հայկ Մելիքյանի առցանց համերգը: Նախագծի հեղինակը Էռնա Ռեվազովան է, այն իրականացրել է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ վարչապետի աշխատակազմի, մշակույթի նախարարության և «Սարեր» ՀԿ աջակցությամբ: Հայկ Մելիքյանը փաստում է՝ գաղափարը խիստ ոգեշնչող էր:
Հայկ Մելիքյան (դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ) - Բացի բարձրաճաշակ համերգային ծրագրից՝ նախագծի կազմակերպիչներն այն հրաշալի քարոզչական արշավի են վերածել՝ պարբերաբար հանրայնացնելով ժամացույցի ստեղծման ու գոյության երկարամյա պատմությունը: Զանգերը, որ արդեն 80 տարի ազդարարում են երկրի ժամանակը, աթեիզմի դարաշրջանում հանվել էին ուղղափառ եկեղեցիներից, դրանցից մեկը մոտ 400 տարվա պատմություն ունի: Անկախության շրջանում գլխավոր ժամացույցը վերածրագրավորվել է Հայաստանի օրհներգի մոտիվով:
Ալեքսանդր Պլատո Հակոբյան (նախագծի պրոդյուսեր) - Նախագծի հեղինակներն առանձնահատուկ խորհուրդ են տեսնում գլխավոր ժամացույցի անխափան աշխատանքի մեջ՝ այն դիտարկելով որպես հավերժական շարժման, նոր սկզբի ու վերածննդի խորհրդանիշ:
Ալեքսանդր Պլատո Հակոբյան - Հայաստանի վերջին 8 տասնամյակների պատմության լուռ վկան, 3 հանրապետությունների և պետականության խորհրդանիշն այսօր մեկն է այն արժեքներից, որոնք սերունդների հիշողության մեջ պետք է հավերժանան որպես ազգային արժանապատվության ու պետականության խորհրդանիշ: