2016 թվականին տեղի է ունեցել աղետ, համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների երեք փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն ստանում է միջանկյալ կարգավիճակ: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՂ հարցի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցին:
«Այդ փաթեթներում նշվել է, որը հայկական կողմից շատ լայնորեն քարոզվում ու գովազդվում է, որ ԼՂ-ն ունի օրենսդիր մարմին, որ ԼՂ-ն ունի դատական իշխանություն և այլն, բայց ոչ մեկը չի ասում, որ ԼՂ կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ:
Բանակցային ողջ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ամեն ինչ անել, որ հարցի վերջնական լուծումը լինի Մինսկի խմբի տիրույթում: 2016-ին, ըստ էության, հարցի լուծման պարամետրերը տեղափոխվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Կանխատեսելի՞ է արդյոք, թե ինչ որոշում է կայացնելու այս հարցում ՄԱԿ-ը:
Այստեղ լուծվելու է մի հարց, որ մինչև ԼՂ վերջնական կարգավիճակը լինելը ի վերջո, թեկուզ միջանկյալ կարգավիճակով, Ղարաբաղը, ի վերջո, որ երկրի մաս է կազմելու: Երբ սա ՄԱԿ-ի ԱԽ-ում է, սա շատ կանխատեսելի է դառնում, որովհետև ՄԱԿ-ի ԱԽ-ն դեռ 1993-ին ընդունել է բանաձև, որտեղ ասվում է.
ա) «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան».
բ) ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Այս աղետն է տեղի ունեցել 2016-ին:
Սա կարևոր է նրանով, որ եթե ԼՂ-ի այդ կարգավիճակն արձանագրվում է, նշանակում է՝ նրա վերջնական կարգավիճակի ճշգրտումը պետք է տեղի ունենա Ադրբեջանի Սահմանադրության համաձայն»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ յուրաքանչյուր ոք կարող է համացանցում գտնել այդ փաստաթղթերը:
Հարցին, թե հիմա ի՞նչ փաստաթուղթ է սեղանին, նա պատասխանեց. «Պատերազմից հետո մենք դեռ պետք է մոտենանք վերադառնանք, հասկանանք և օրակարգ ձևավորենք: Համանախագահները վերջին անգամ օրակարգ են առաջարկել, որը մեզ համար ընդունելի է»:
Անդրադառնալով հողերը հանձնելու վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներին՝ Փաշինյանն ասաց՝ դա անհիմն մեղադրանք է, բայց կա լեգիտիմ մեղադրանք։
«Ինձ կարող են մեղադրել հողերը չհանձնելու մեջ, և դա կլինի լեգիտիմ մեղադրանք: Եթե որևէ մեկն ինձ ասի, որ դու պետք է հասկանայիր, որ տարբերակ չկա, պետք է ուղղակի հանձնել այդ տարածքները, որ պատերազմ չլինի, դա կլինի լեգիտիմ մեղադրանք: Իսկ մեղադրանքը, որ ես հանձնել եմ հողերը, անհիմն է: Ընդհակառակը, ես չեմ հանձնել, դրա համար է եղել պատերազմ: Չեմ հանձնել, որովհետև՝ իսկ ինչ ենք ստանում դրա դիմաց: Ըստ էության, ոչ մի բան»,- ասաց նա: