ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ֊-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի միջև դեկտեմբերի 24-ին ստորագրվել է «Գիտատեխնիկական համագործակցության և երիտասարդ մասնագետների պատրաստման մասին» փոխըմբռնման հուշագիր:
Կողմերը համագործակցելու են Երկրի մասին գիտությունների բնագավառում համատեղ գիտատեխնիկական աշխատանքների, երիտասարդ մասնագետների պատրաստման, գիտագործնական նախագծերի կատարման և գիտատեխնիկական գիտելիքների փոխանակման ձևաչափով, համատեղ ստեղծվելու և մշտապես արդիականացվելու են տվյալների բազաներ, մոնիթորինգային ցանցեր, կառավարությանը ներկայացվելու են համատեղ ծրագրեր, աղետների ժամանակ փոխանակվելու են անհրաժեշտ տվյալներով: Հուշագիրը սահմանում է մի շարք այլ պարտավորություններ ևս:
Փաստաթուղթը վավերացրել են ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սոս Մարգարյանը և ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրեն Ջոն Կարապետյանը:
Արարողությանը մասնակցել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Թավադյանը, ինչպես նաև երկու կառույցների մի շարք ներկայացուցիչներ:
Արմեն Փամբուխչյանը կարևորելով հուշագրի ստորագրումը՝ ընդգծել է, որ երկրի տնտեսության վրա բնական և մարդածին աղետների ազդեցության հետևանքների վերացման ծախսերը հաճախ ավելի մեծ են, քան դրանց կանխարգելման կամ նվազեցման ծախսերը:
«Ներկայումս գոյություն ունեցող տեխնոլոգիաները, արբանյակային դիտարկումների առկա հնարավորությունները, բնական աղետների կանխատեսման համար մշակված մոդելները հնարավորություն են տալիս կանխարգելել մարդկային և տնտեսական կորուստները»,- ասել է ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալը:
Իր հերթին Լևոն Թավադյանը նշել է, որ իրենց գործունեության ամենակարևոր հարցը սեյսմիկ պաշտպանությունն է:
«Սեյսմիկ պաշտպանության և ռիսկերի նվազեցման գործում կարևոր է համախմբումը: Անհրաժեշտ է ռեսուրսների համատեղ կառավարում, տեղեկատվության ժամանակին ստացում, համապատասխան քարտեզների շտկում կամ նորերի կազմում: Վստահ եմ, հուշագիրն էլ ավելի կուժեղացնի մեր համագործակցությունը»,-ասել է ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարը:
Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է 5 տարի ժամկետով: