ՀՀ ֆինանսների նախարարությունում դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցել են՝ ՀՀ ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Խորհրդի նախագահ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է եկամուտների քաղաքականությանը վերաբերող հարցերը խորհրդի շրջանակում քննարկելու անհրաժեշտությունը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ամրագրված հարկային քաղաքականության միջոցառումները, ինչպես նաև խորհրդի գործունեության հետ կապված այլ հարցեր:
Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստի արդյունքներով որոշվել է շարունակել քննարկումները՝ գնահատելով առաջարկվող փոփոխությունների ազդեցությունը: