ՌԴ-Ն ԴՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ Է ՍՏԱՆՈՒՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ. ՊՈՒՏԻՆ
Ռուսաստանի հետ դիվանագիտական քննարկումների և փոխգործակցության խողովակների առկայությունը լավ նշան է: Մենք ակնկալում ենք, որ դա շարունակական կլինի։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։
Ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Արևմուտքի հետ լարվածությանը և դրա հնարավոր հանգուցալուծմանը, հայտարարել է, որ Ռուսաստանն ընդհանուր առմամբ դրական արձագանքներ է ստանում Արևմուտքից: «Ամերիկացի մեր գործընկերները քննարկումներ սկսելու պատրաստակամություն են հայտնում: Դրանք կսկսվեն հաջորդ տարվա սկզբին՝ Ժնևում: Կողմերն արդեն նշանակել են իրենց ներկայացուցիչներին»,- ընդգծել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կզարգանա բանակցային ճանապարհով:
ՍՏԱՄԲՈՒԼ-ԵՐԵՎԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ
Առաջիկա օրերին կվերսկսվեն Ստամբուլ-Երևան թռիչքները՝ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն։ Նա նշել է, որ չվերթերը կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերություն, որն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները:
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԿԱՏԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԵԿԵԼ
Թուրքիան և Կատարը համաձայնության են եկել Քաբուլի միջազգային օդանավակայանը համատեղ կառավարելու հարցի շուրջ՝ տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Անկարան և Դոհան մտադիր են Աֆղանստանի հինգ օդանավակայանների կառավարման վերաբերյալ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչներին համատեղ առաջարկ ներկայացնել։
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՎԵՐՍԿՍՎԵՆ
Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները կվերսկսվեն Վիեննայում դեկտեմբերի 27-ին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։
«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցերով համատեղ հանձնաժողովը քննարկելու և հստակեցնելու է հետագա գործողությունները: Կարևոր է արագացնել չլուծված առանցքային խնդիրների կարգավորման գործընթացը և առաջ շարժվել՝ Միացյալ Նահանգների հետ սերտ գործակցությամբ: Բարի գալուստ ութերորդ փուլ»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Մորան։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ իրանական միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել, և մի քանի շաբաթից նման հնարավորություն կարող է արդեն չլինել:
ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱՑՎԵԼ Է ՄԱՀԱՊԱՏԻԺԸ
Ղազախստանի Սենատն օրենք է ընդունել՝ երկրում վերացնելով մահապատիժը: Ավելի վաղ Ղազախստանը վավերացրել էր ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի երկրորդ կամընտիր արձանագրությունը, որով էլ սահմանված է մահապատժի վերացումը: Կենտրոնաասիական հանրապետությունում ամենախիստ պատիժն այսուհետ կլինի ցմահ ազատազրկումը։