Առանց ավագանու մեծամասնության՝ համայնքի ղեկավարի աշխատանքն ինստիտուցիոնալ առումով անհնար է. սա պարզ քաղաքական տրամաբանություն է, և այդ խնդիրը հանգուցալուծվեց: Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի և քարտուղար Լևոն Հովհաննիսյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակը ինստիտուցիոնալ խնդիր էր:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եվ այդ խնդիրն ինստիտուցիոնալ առումով հանգուցալուծվեց: Ի՞նչ նկատի ունեմ: Ի վերջո, Երևանում 2018 թվականի աշնանից սկսած իրականացվում է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, և քաղաքական պատասխանատվությունն էլ «Իմ քայլը» դաշինքինն ու քաղաքական մեծամասնությանն է: Ուզում եմ ընդգծել, որ այդ ծրագիրն էլ իր հերթին բխում էր 2017 թվականի Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի նախընտրական ծրագրի հիմնադրույթներից: Այս առումով կարևոր է, որ ծրագիրը լիարժեք, ամբողջական և ինստիտուցիոնալ առումով կայանա:
ՈՒՆԵՔ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՄ ԼԻԱՐԺԵՔ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆ
Վարչապետ Փաշինյանը նաև կարևոր է համարել, որ քաղաքապետը գործակցի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ, նաև ընդգծել է՝ մինչև օրս ամենայն աջակցություն է ցուցաբերվել Երևանի քաղաքապետարանին, և այդ աջակցությունը կշարունակվի:
Նիկոլ Փաշինյան - Ծրագրի իրականացման ուղղությունները, տեմպերը, միջոցները, ժամկետները, իհարկե, պետք է նաև լրացուցիչ քննարկենք և լուծումներ ստանանք: Այս առումով մեզ բոլորիս հաջողություն եմ մաղթում: Պիտի իմանաք, որ ունեք Կառավարության և իմ լիարժեք աջակցությունը: Քաղաքապետ, ավագանի, կառավարություն, քաղաքական մեծամասնություն ներդաշնակությունը պիտի սիներգիա ստեղծի, որն առավել արտահայտիչ երևա երևանցիների կյանքում:
Նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար, շեշտել՝ գիտակցում է՝ սա բավականին մեծ պատասխանատվություն է:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Ընդհանուր առմամբ պատկերացնում եմ, թե ինչ ինստիտուտներ ունենք, որոնք պետք է ամբողջությամբ վերափոխենք, և որոնք են, որ դեռևս կաշխատեն որպես ինստիտուտներ, որպեսզի դիմադրեն տարբեր ցնցումների, իրականացնեն իրենց ֆունկցիոնալությունը: Կարծում եմ՝ Կառավարության աջակցությամբ հնարավորություն կունենանք ամենամեծ բնակչություն ունեցող համայնքում՝ Երևանում, իրականացնել այն ծրագրերը, որոնք տարիների ընթացքում չեն իրականացվել, կարելի է ասել, անհասկանալի պատճառներով:
Նորընտիր քաղաքապետի կարծիքով՝ այդ ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ներուժը կա, պետք է ուղղակի արդյունավետ կառավարում իրականացնել: