Կառավարությունը վերաբաշխում կատարեց ԿԳՄՍ նախարարության բյուջեում և 128 մլն 439 հազար դրամ հատկացրեց մի շարք հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով անհրաժեշտ պեղումների իրականացման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման համար:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ 98 մլն 401 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին հետևյալ աշխատանքների իրականացման համար՝
1. ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի (10-11-րդ դարեր) պարսպապատի հարավարևմտյան հատվածին և երկրորդ բաղնիքին հարող հատվածների պեղումներին.
ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Լոռի Բերդ ամրոցի միջնաբերդի պարիսպների հարավարևմտյան հատվածի եկեղեցու և երկու բաղնիքի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակմանը.
Լոռու մարզի Ամրակից գյուղի ռուսական եկեղեցու (1846 թ.) ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում.
Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (13-րդ դար) ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում.
Տավուշի մարզի Տավուշ ամրոցի (10-րդ դար) պարիսպների, կից կառույցների, եկեղեցու ամրակայման վերականգնման և տարածքի բարեկարգման գիտանախագծային փաստաթղթերի մշակում.
2. 20 մլն 138 հազար դրամ գումարը, ներառյալ ԱԱՀ-ն, դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվում է «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ ամրոցի տարածքի պեղումների իրականացման համար.
3. դրամաշնորհային պայմանագրի հիման վրա 9 մլն 900 հազար դրամ գումարը, ներառյալ ԱԱՀ-ն, հատկացվում է «ՀՀ պատմության թանգարան» ՊՈԱԿ-ին՝ Արենի 1 քարանձավից գտած մ.թ.ա. 3600-3500 թվականների հնագիտական գտածո կաշվե ոտնամանի պահպանման համար հատուկ ցուցապահարանի պատրաստման և տեղադրման աշխատանքների ձեռքբերման համար:
«Մենք Հայաստանում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրներին առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնենք, որովհետև կարևորում ենք մեր ինքնության և պատմության հուշարձանների պահպանումը»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այս ամենը ոչ միայն պատմամշակութային, հոգևոր նշանակություն ունի, նաև տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար ունի շատ առանցքային նշանակություն:
«Պետք է խոստովանենք, որ մեր պատմամշակութային ժառանգության ամբողջ սպեկտրը չէ, որ կարողանում ենք պատշաճ մակարդակով մատուցել զբոսաշրջային բիզնեսին և մեր հանրությանը: Պետք է արձանագրեմ, որ Արենիի քարանձավից գտնված գտածոն, իհարկե, համաշխարհային պատմության համար բացառիկ գտածո է, և այդ բացառիկ գտածոն բացառիկ ուշադրության և պահպանության պետք է արժանանա»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մի քանի անգամ քննարկումներ են եղել Հայ Առաքելական Եկեղեցու վանական համալիրների վերականգնման խնդրի վերաբերյալ:
«Խոսքը վերաբերում է պատմամշակութային ժառանգությանը, առաջարկը կձևակերպենք. Մայր Աթոռին համատեղ ծրագիր պետք է առաջարկենք, որպեսզի փորձենք համատեղ վերականգնել և զարգացնել վանական այն համալիրները, որոնք հիմա համարվում են պատմամշակութային արժեք, և գաղափարն այն է, որ Կառավարության, Եկեղեցու և բարերարների համատեղ ջանքերով այդ պատմամշակութային ժառանգությունը, իհարկե բոլոր ստանդարտներին համապատասխան, վերականգնվի»,- ընդգծեց վարչապետը: