Շարունակվում է բասկետբոլի տղամարդկանց VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի շարք հանդիպումներ են կայացել։ Այս պահի դրությամբ առաջատարն «Ուրարտուն» է 12 հաղթանակով:
Դեկտեմբերի 10-ից ի վեր թիմը 4 խաղ է անցկացրել և բոլոր խաղերում էլ առավելության հասել մրցակիցների նկատմամբ: «Ուրարտուն» նախ ուժերը չափել է «Գյումրիի» հետ և 100:90 հաշվով հաղթանակ տարել, ապա դեկտեմբերի 11-ին մրցել է ՖԻՄԱ-ի հետ և հաղթել 140:103 հաշվով: Դեկտեմբերի 13-ին «Ուրարտուի» մրցակիցը եղել է «Արարատը», որին գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանի թիմը հաղթել է 116:87 հաշվով:
Դեկտեմբերի 19-ին էլ «Ուրարտուն» 89:81 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ: Մինչ օրս կայացած հանդիպումներից հետո «Ուրարտուն» վաստակած 25 միավորով գլխավորում է Ա լիգայի կանոնավոր առաջնության մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում «Էրեբունին» է, որը մեկ խաղ պակաս է անցկացրել «Ուրարտուից» և 22 միավոր է վաստակել:
Դեկտեմբերի 12-ից ի վեր «Էրեբունին» մրցել է «Գյումրիի», «ԱԻԱ Սթարսի» և ՖԻՄԱ-ի հետ՝ հաղթելով համապատասխանաբար 99:90, 98:88 և 126:76 հաշիվներով: Լավագույն եռյակը եզրափակում է «ԱԻԱ Սթարսը», որն այս պահի դրությամբ իր ակտիվում ունի 20 միավոր: Այս ընթացքում, բացի «Էրեբունիից» կրած պարտությունից, թիմը 3 խաղ է անցկացրել, որոնցում հաղթանակներ է տարել: Դեկտեմբերի 9-ին «ԱԻԱ Սթարսը» 91:85 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի նկատմամբ, դեկտեմբերի 11-ին 99:81 հաշվով հաղթել է «Արարատին», իսկ դեկտեմբերի 14-ին՝ ՖԻՄԱ-ին (91:84):
Ի դեպ, «ԱԻԱ Սթարսի» թիմի բասկետբոլիստ Բրենդան Անյանուն նոյեմբերին ամենաշատ՝ 240 միավորն է վաստակել, որից յուրաքանչյուրը մեկ ԱՄՆ դոլարին համարժեք գումարի տեսքով ավելացել է VBET-ի նախաձեռնած «Միավորվենք» արշավի հաշվին:
Այն ուղղվելու է բասկետբոլային խաղահրապարակի վերանորոգմանը: Այս արշավի շրջանակում բոլոր թիմերը միավորվել են մեկ գաղափարի շուրջ՝ վերանորոգել ու կահավորել Հայաստանի ևս մեկ բասկետբոլային դահլիճ: Բոլոր խաղերի ընթացքում վաստակած միավորները բազմապատկվելու են 500 դրամով, իսկ հավաքված գումարն ուղղվելու է դահլիճի վերակառուցմանը: Առաջիկա օրերին բասկետբոլի VBet Ա լիգայի կանոնավոր առաջնության ևս 4 հանդիպում կկայանա: Դեկտեմբերի 24-ին «Արցախը» կմրցի ՖԻՄԱ-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի ժամը 21:30-ին:
Դեկտեմբերի 26-ին «Գյումրին» կխաղա «Արցախի», իսկ «Էրեբունին»՝ «Արարատի» հետ: Հանդիպումները կմեկնարկեն, համապատասխանաբար, ժամը 12:00-ին և 14:30-ին: Դեկտեմբերի 27-ին էլ «Արցախն» ուժերը կչափի ԲԿՄԱ-ի հետ: Խաղի մեկնարկը 19:00-ին է: