ՆԱՏՕ-ի երկրները պետք է անհապաղ անվտանգության երաշխիքներ տան Ռուսաստանին, այլ ոչ թե հակառակը։ Այդ մասին ամենամյա մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը սպառնալիք չէ այլ պետությունների համար։ Պուտինն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ դրական է արձագանքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական կողմի առաջարկներին։ «Ամերիկացի մեր գործընկերները քննարկումներ սկսելու պատրաստակամություն են հայտնում: Դրանք կսկսվեն հաջորդ տարվա սկզբին՝ Ժնևում: Կողմերն արդեն նշանակել են իրենց ներկայացուցիչներին»,- ընդգծել է Պուտինը: Նա հույս է հայտնել, որ իրավիճակը կզարգանա բանակցային ճանապարհով: ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե անվտանգության երաշխիքների բանակցությունների առաջընթացից, այլ Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։ «Ռուսական կողմը հստակ և պարզ հասկացրել է, որ ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»,- նշել է նա։
*****
Առաջիկա օրերին կվերսկսվեն Ստամբուլ-Երևան թռիչքները՝ հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն։ Նա նշել է, որ չվերթները կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը, որն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները:
*****
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը խաղաղության պահպանման երաշխավորն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ապահովում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանք հաստատելու համար՝ օգնելով վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները»,- նշել է Շոյգուն՝ հավելելով, որ մինչ այժմ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել: Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է նաև, որ ռուսական ուժերը շարունակում են որպես խաղաղության պահպանման երաշխավոր հանդես գալ նաև Սիրիայում։
*****
Մեզ համար չափազանց կարևոր է տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատումը։ Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ Վրաստանի դիվանագիտական կորպուսի առցանց համաժողովում։ Նա անդրադարձել է տարածաշրջանի երկրների հետ սերտ հարաբերություններին և բարձր մակարդակի այցերին՝ նշելով, որ «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունն ուղղված է վերականգնելու հարևանների միջև վստահությունը և ընդգծելու Վրաստանի դերը՝ որպես միջնորդի։ «Ես անմիջական բարեկամական հարաբերություններ ունեմ երկու երկրների ղեկավարների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ։ Հանդիպել եմ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Մենք մեր հարևաններին առաջարկել ենք Հարավային Կովկասում երկխոսության ոչ պաշտոնական տարածաշրջանային հարթակ»,- նշել է Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ վրացական կողմն ստեղծում է հետաքրքիր նախադեպ և կարող է միջազգային հանրությանը, Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը ցույց տալ, որ տարածաշրջանում կարող է կարևոր դեր խաղալ:
*****
Իրանի միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները կվերսկսվեն Վիեննայում՝ դեկտեմբերի 27-ին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան։ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի հարցերով համատեղ հանձնաժողովը քննարկելու և հստակեցնելու է հետագա գործողությունները: Կարևոր է արագացնել չլուծված առանցքային խնդիրների կարգավորման գործընթացը և առաջ շարժվել՝ Միացյալ Նահանգների հետ սերտ գործակցությամբ: Բարի գալուստ, ութերորդ փուլ»,- Twitter-ի միկրոբլոգում գրել է Մորան։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ իրանական միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները չեն կարող անվերջ շարունակվել և մի քանի շաբաթից նման հնարավորություն կարող է արդեն չլինել: