Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնումն ավարտվել է։ Այն նորոգվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակում։
Վերականգնված մարզային ենթակայության ճանապարհահատվածը գտնվում է Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում, որի միջոցով Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրերը կապվում են միմյանց և միջպետական Մ-1, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման ավտոճանապարհի հետ։
Շինաշխատանքներն իրականացրել է «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղը։ Կապալառուն վերականգնել է հողային պաստառը՝ 7.5-9 մ լայնությամբ, ճանապարհային պատվածքը՝ 5.4-6 մ լայնությամբ, ճանապարհային հագուստը։ Վերականգնվել է ջրահեռացման համակարգը, նորոգվել են երկաթբետոնե ջրթող խողովակներ, կամուրջներ, տեղադրվել են նոր երկաթբետոնե վաքեր, ջրընդունիչների մետաղական խողովակներ։
Կառուցվել են մայթեր, իջատեղեր, մուտքեր, կողնակներ։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, կատարվել են ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ, կառուցվել է նաև գյուղտեխնիկայի անցում։ Շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը կատարված աշխատանքները դիտարկել է տեղում։
Նշված բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից մոտ 2300 մ բարձրության վրա, այստեղ կլիման խստաշունչ է, ձմռանը՝ տեղումներն առատ, ուստի շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը կարևորել է տեղական մարմինների կողմից հատկապես ձմռան ամիսներին ճանապարհի սպասարկման աշխատանքները, որպեսզի ապահովվի անվտանգ երթևեկությունը։
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։