Առողջապահության նախարարությունը քննարկում է չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի բուժումը վճարովի դարձնելու հարցը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ այժմ բուժման ծախսերի վերաբերյալ հաշվարկներ են իրականացվում:
«Մենք հիմա հաշվարկներ ենք անում, թե մեկ դեպքի համար ինչքան է կորոնավիրուսային վարակի բուժման արժեքը: Պետությունը բոլոր միջոցները ներդրել է, որպեսզի ապահովի մեր քաղաքացիների բուժման հնարավորությունը:
Բայց հանրային իմունիտետի ձևավորման արդյունքում մենք պետք է հասկանանք՝ այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում օգտվել շատ արդյունավետ տարբերակից և պաշտպանել իրենց առողջությունը 100 անգամներով նվազ ծախսով, պիտի դիտարկենք դա վճարովի դարձնելու հարցը»,- ասաց Ավանեսյանը: