Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին: Հանդիպմանը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա խնդիրները, նաև կազմակերպության 2022 թվականի ծրագրերն ու միջոցառումները:
Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Կխոսենք այն մասին, թե ինչ ծրագրեր և մարտահրավերներ ունենք 2022 թվականին, կանդրադառնանք կազմակերպության հետագա զարգացման մեխանիզմներին այն առումով, թե ինչպիսի թերկարգավորումներ են հայտնվել: Իհարկե, կանդրադառնանք տարածաշրջանում ու, ընդհանրապես, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ներկա իրավիճակին: Սա նույնպես շատ կարևոր է, և հետաքրքիր կլիներ լսել Ձեր գնահատականները դրա հետ կապված նույնպես:
Ստանիսլավ Զասն, իր հերթին, տեղեկացրել է, որ արդեն մշակվել է գալիք տարվա գործունեության հիմնական պլանային փաստաթուղթը, որում արտացոլված են նաև բոլոր առաջնահերթությունները, որոնք բարձրաձայնել է Հայաստանի վարչապետը Դուշանբեում աշնանային նիստի ժամանակ:
Ստանիսլավ Զաս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար - Այդ փաստաթուղթն արդեն մշակել ենք, համաձայնացրել մեր բոլոր պետությունների հետ: Կցանկանայի նշել, որ այդ առումով մեր հիմնական փաստաթղթում, որով աշխատելու են քարտուղարությունը, գլխավոր շտաբը, այլ մարմինները, արտացոլված են բոլոր այն նախաձեռնություններն ու առաջարկությունները, որոնք արտահայտվել են Դուշանբեում աշնանային նիստի ընթացքում և՛ Սրտաքին գործերի նախարարաների, և՛ Պաշտպանության նախարարների, և՛ պետությունների ղեկավարների կողմից:
Պետությունները հաստատել են, որ պատրաստ են հաջորդ տարի աշխատել հենց այն առաջնահերթություններով, որոնք առաջարկվել են, այդ թվում՝ նախագահող երկրի՝ Հայաստանի կողմից՝ տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Այնուհետև Ստանիսլավ Զասը հանդիպել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար, ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նախագահող Արարատ Միրզոյանի հետ: Արտաքին գործերի նախարարը կարևորել է մեր երկրի նախագահության ժամանակահատվածում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների իրականացման ծրագրի նախագծի ամփոփումը։ Միրզոյանը նաև ներկայացրել է Հայաստանի արևելյան սահմանային գոտում իրավիճակը և ընդգծել կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված գործնական քայլերի անհրաժեշտությունը՝ համաձայն 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության:
Ստանիսլավ Զասը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: