2022-ի հունվարի 1-ից սկսած ընտանիքում ծնված ամեն երրորդ ու հաջորդ երեխայի համար պետությունը 6 տարի ամսական 50 հազար դրամ է տրամադրելու: Աջակցության փաթեթն այսօր հաստատեց գործադիրը: Ծրագիրը ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն է միտված՝ զեկուցեց ոլորտային նախարարը:
Նարեկ Մկրտչյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վերաբերյալ, երբ երեխան ծնվել է 2022 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Այս ծրագիրը չի ազդելու երեխայի ծննդյան միանվագ նպաստի վրա, կապ չի ունենալու նաև մինչև երկու տարեկանը նախատեսված խնամքի նպաստի հետ, բայց հաշվի է առնվելու, երբ գնահատվի ընտանիքի աղքատության ցուցանիշը, այսինքն՝ «Փարոս» համակարգում ընդգրկվել-չընդգրկվելու հարցը՝ տեղեկացրեց վարչապետը: Փաշինյանը հույս ունի՝ արդյունքները դրական կլինեն:
Ծրագիրը «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական խոստումն էր՝ հիշեցրեց վարչապետը: Նախարարն էլ չբացառեց, որ երբ 2025-ին արդյունքների առաջին գնահատումն անեն, այն արդեն որպես սոցիալական երաշխիք ամրագրվի օրենքով:
ՄՈՏ 128,5 ՄԼՆ ԴՐԱՄ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ՊԵՂՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մեկ այլ որոշմամբ էլ բյուջեում վերաբաշխում արվեց, ու մոտ 128,5 մլն դրամ հատկացվեց հուշարձանների վերականգնման նպատակով պեղումներ իրականացնելու և գիտական նախագծերի համար: Ծրագրում Լոռի բերդն է ընդգրկված, Ամրակից գյուղի ռուսական ուղղափառ եկեղեցին, միջնադարյան Սրվեղ համալիրը, Տավուշ ամրոցը: Դրամաշնորհի ծրագրով գրեթե 10 միլիոն դրամով էլ հատուկ ցուցապահարան կպատրաստվի Արենի քարանձավից գտնված համաշխարհային բացառիկ գտածոյի՝ կաշվե ոտնամանի համար: Պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրները կարևոր համարելով՝ վարչապետը նկատեց՝ դրանք առանցքային նշանակություն ունեն ոչ միայն ինքնության պահպանման, այլև տնտեսության և զբոսաշրջության զարգացման համար:
Կառավարությունը նախատեսում է մեկ այլ ծրագրով էլ անդրադառնալ Առաքելական Եկեղեցու վանական համալիրների վերականգնման խնդրին: Վարչապետը մանրամասնեց՝ ըստ գաղափարի՝ ենթակառուցվածքների ստեղծման հարցը իր վրա կվերցնի գործադիրը, ներդրումներ կանեն նաև Մայր Աթոռն ու բարերարները:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՊՀ ԵՎ ԵՊԲՀ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Գործադիրը հաստատեց նաև Երևանի պետական ու բժշկական համալսարանների ռեկտորների ընտրության արդյունքները: Նոր կարգով՝ 20 հոգանոց կազմով ձևավորված խորհուրդները օրեր առաջ մայր բուհի ռեկտոր ընտրեցին Հովհաննես Հովհաննիսյանին,
բժշկական համալսարանում էլ՝ Արմեն Մուրադյանին:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ «ՕՄԻԿՐՈՆ» ՇՏԱՄԸ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Նիստի վերջին քովիդի մասին. առողջապահության նախարարի գնահատմամբ՝ այս պահին իրավիճակը կայուն է, դրական դեպքերի թիվն էլ նվազել է: «Օմիկրոն» շտամը, ըստ Անահիտ Ավանեսյանի, Հայաստանում դեռ չի հայտնաբերվել, ու, ըստ տվյալների՝ առկա պատվաստանյութերը բավականին արդյունավետ են նաև այս նոր շտամի հանդեպ: Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ 1 միլիոն 591809 պատվաստում է իրականացվել, արդեն 500 քաղաքացի էլ ստացել է խթանիչ դեղաչափ: Վարչապետը սեփական օրինակով կոչ արեց երրորդ դեղաչափից չխուսափել:
Հայաստանում շուտով նաև «Ֆայզերը» հասանելի կլինի: Առաջին խմբաքանակը՝ 200 հազար դեղաչափը, գնելու համար Կառավարությունն այսօր գումար հատկացրեց չզեկուցվող հարցերից մեկով: Ըստ նախարարի՝ պայմանագիրը կկնքվի այսօր կամ վաղը: