Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավեությունն ավելի բարձրացնելու նպատակով Լոռու մարզի դատախազության կողմից իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի համապատասխան ստորաբաժանումների աշխատողների տվյալները: Պարզվել է, որ առանձին անձինք, ովքեր նախկինում կամ ներկայում մեղադրվել են կամ դատվածություն ունեն զանազան անտառախախտումների և իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու, դրանով պետությանը վնասներ պատճառելու համար, շարունակում են պաշտոնավարել: Ընդ որում, նրանց շարքում կան ընդհուպ անտառտնտեսության բարձր պաշտոն զբաղեցնող անձինք:
Օրինակ ներկայում «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն հանդիսացող Ց. Ն.-ն մի քրեական գործով իր ծառայողական պարտականություններն անբարեխիղճ կատարելու համար, որի հետևանքով Ստեփանավանի անտառպետության տարածքից ապօրինի հատվել է 104 հատ տարբեր տեսակի ծառ, 2011 թ. օգոստոսի 30-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 500.000 ՀՀ դրամ տուգանքի:
Ավելին, դատաքննության փուլում գտնվող երկու տարբեր գործերով, հենց անտառի պահպանության հետ կապված իր պաշտոնեական գործունեության բերումով, վերջինս ունի ամբաստանյալի կարգավիճակ: Դրանցից մեկով նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ մյուսով՝ ՀՀ քրեական օրենգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալու փորձ):
Կամ՝ Ստեփանավանի անտառապետ աշխատող Մ.Չ.-ի վերաբերյալ 2021 թ. մարտի 22-ին, իսկ Ստեփանավանի անտառպետության անտառապահ աշխատող Հ.Ք.-ի վերաբերյալ 2018 թ. հունվարի 31-ին տարբեր քրեական գործերով կայացվել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումներ: Քննություններով հաստատված է համարվել, որ վերջիններս կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք, այն է՝ տարբեր ժամանակներում թույլ են տվել պաշտոնեական անփութություն, ինչի արդյունքում իրենց վստահված անտառամասերից ապօրինի հատվել են բազմաթիվ ծառեր՝ պետությանն անզգուշությամբ պատճառելով ընդհանուր շուրջ 8 մլն ՀՀ դրամի վնաս:
Մեկ այլ դեպք՝ Դսեղի անտառպետության անտառապահ հանդիսացող Վ. Հ.-ն քրեական գործով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով՝ հենց ապօրինի ծառ հատելու և վառելափայտը փաստացի իրեն պատկանող ավտոմեքենայով առանց թույտվության, իրացման նպատակով տեղափոխելու համար, և 2020թ. հունվարի 22-ի դատավճռով դատապարտվել է տուգանքի:
Իսկ Շամլուղի անտառպետության անտառապահ Վ. Բ.-ն այլ քրեական գործով 2018 թ. ապրիլի 18-ին կայացված դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ. նրա՝ ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով 2016-2017 թթ. իրեն վստահված պահաբաժնում ապօրինի հատվել է 68 հատ տարբեր տեսակի ծառ՝ պատճառելով 3.2 մլն դրամի վնաս։ Նշված արարքի համար Վ. Բ.-ն դատապարտվել է մեկ տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է մեկ տարով փորձաշրջան, իսկ 2018 թ. համաներման հիմքով նա ազատվել է պատժից:
Ուսումնասիրությամբ պարզված այս հանգամանքները վկայում են, որ առկա է այս անձանց կողմից իրենց պաշտոնավարումը շարունակելու դեպքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր նոր գործողություններ կատարելու ողջամիտ ռիսկ, ինչը նաև հասարակության մոտ կարող է անվստահություն առաջացնել պետության ստանձնած՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարի հանձնառության հանդեպ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազը միջնորդագրով դիմել է «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ քննարկելու նշված անձանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը, միաժամանակ ձեռնարկելու միջոցառումներ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու մարզի տարածքային մասնաճյուղերում հետագայում քրեական նման հետագիծ ունեցող անձանց պաշտոնավարման դեպքերը բացառելու ուղղությամբ:
Ընդհանուր առմամբ 2021 թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հասցեագրվել է ապօրինի անտառահատումներին առնչվող պաշտոնեական հանցագործություններին նպաստող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված ընդհանուր 52 միջնորդագիր: Դրանց արդյունքում զբաղեցրած պաշտոններից ազատվել է 3 փոխտնօրեն, 5 անտառապետ և 9 անտառապահ, կարգապահական տույժի՝ նկատողորություննրի են ենթարկվել 35 պաշտոնատար անձինք՝ 13 անտառապետ և 22 անտառապահ։
Բացի այդ, դատարան է ուղարկվել մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար 19 անձանց կողմից ապօրինի անտառահատումներով պայմանավորված պաշտոնեական տարբեր հանցագործություններ կատարելու մեղադրանքներով 16 քրեական գործ, իսկ դատաքննությունն ավարտված 3 քրեական գործով 3 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ:
Ներկա պահին նախաքննության ավարտական փուլում գտնվող 22 քրեական գործով նշված կատեգորիայի ևս 32 պաշտոնատար անձ ունի մեղադրյալի կարգավիճակ: