ԼՂ-ՈՒՄ ՌԴ ԶՈՒ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆ Է. ՇՈՅԳՈՒ
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը խաղաղության պահպանման երաշխավորն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ապահովում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանք հաստատելու համար՝ օգնելով վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները»,- նշել է Շոյգուն՝ հավելելով, որ մինչ այժմ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել: Ռուսաստանի պաշտպանության նախարարը նշել է նաև, որ ռուսական ուժերը շարունակում են որպես խաղաղության պահպանման երաշխավոր հանդես գալ նաև Սիրիայում։
ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ. ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ
Մեզ համար չափազանց կարևոր է տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատումը։ Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղյան պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի դիվանագիտական կորպուսի առցանց համաժողովում։
Նա անդրադարձել է տարածաշրջանի երկրների հետ սերտ հարաբերություններին և բարձր մակարդակի այցերին՝ նշելով, որ «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունն ուղղված է վերականգնելու հարևանների միջև վստահությունը և ընդգծելու Վրաստանի դերը՝ որպես միջնորդի։ «Ես անմիջական բարեկամական հարաբերություններ ունեմ երկու երկրների ղեկավարների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ։ Հանդիպել եմ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Մենք մեր հարևաններին առաջարկել ենք Հարավային Կովկասում երկխոսության ոչ պաշտոնական տարածաշրջանային հարթակ»,- նշել է Ղարիբաշվիլին: Նրա խոսքով՝ վրացական կողմը ստեղծում է հետաքրքիր նախադեպ և կարող է միջազգային հանրությանը, Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը ցույց տալ, որ տարածաշրջանում կարող է կարևոր դեր խաղալ:
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ
Բաքվում տեղի է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդոլլահիանը նշել է, որ Բայրամովի հետ իր հանդիպումները նպաստել են թյուրըմբռնումների վերացմանն ու երկկողմ համագործակցության ճանապարհային քարտեզի մշակմանը: Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Նա շեշտել է՝ Իրանի նոր կառավարության առաջնահերթությունը հարևան երկրների հետ հարաբերություններն են:
Անդրադառանալով Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի լուծման 3+3 հարթակին՝ Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ Վրաստանը ևս կմիանա այդ ձևաչափին: «Տարածաշրջանի երկրները չեն ցանկանում, որ արտաքին դերակատարները միջամտեն, մենք կարող ենք լուծել մեր խնդիրները»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԱՎԱՐՏԵԼ Է ԻՐԱՔԻՑ ԶՈՐՔԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄԸ
Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան ավարտել է Իրաքի տարածքից զորքերի դուրսբերումը: Այս մասին հայտարարել է Իրաքի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ, գեներալ-մայոր Թահսին ալ Հաֆաջին:
«Երկրում դեռևս շարունակում են մնալ սահմանափակ թվով ռազմական խորհրդատուներ, որոնք օգնելու են ահաբեկչության դեմ պայքարում»,- նշել է Հաֆաջին՝ հավելելով, որ այս տարվանից սկսած միջազգային կոալիցիայի բոլոր ռազմական բազաները անցնում են Իրաքի ԶՈՒ վերահսկողության տակ: