Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 2017 թ.-ից մինչև օրս փոխանցվել է ավելի քան 64 մլրդ դրամ, որից մոտ 53 միլիարդը պարտադիր վճարներն են, 11 միլիարդը՝ նվիրաբերությունները: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած զինվորին կամ նրա ընտանիքին մինչև այս պահը հիմնադրամը հատկացրել է ավելի քան 53 միլիարդ 674 միլիոն դրամ:
44-օրյա պատերազմից հետո օրենքի փոփոխության արդյունքում 2021-ի հունվարից դրոշմանիշային վճարները 1000 դրամից դարձել են մինչև 15000:
Սմբատ Սաիյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումների գծով փոխտնօրեն) - Այս պահի դրությամբ մենք փոխհատուցել ենք 4660 զինծառայողի կամ նրանց ընտանիքների անդամների, ու նրանց ճնշող մեծամասնությունը 44-օրյա պատերազմի հետևանքով պատճառած վնասների փոխհատուցումն է: 416 անձ՝ մինչև 44-օրյա պատերազմը, 4660-ից 97-ը հանդիսանում են անհայտ բացակայող, մենք հատուցում ենք նաև նրանց ընտանիքներին, 524 հոգի հաշմանդամություն ունեցող անձինք են, իսկ մնացածը զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ:
Հիմնադրամի շահառուների թիվը 12 տարվա ընթացքում տասնապատկվել է՝ նշում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչը:
Սոնա Բաղդասարյան (Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդհայթայթման և դոնորների հարաբերությունների մասնագետ) - 2017-ին հիմնադիրների շրջահայացությունը օգնեց, որ մենք կարողացանք ռեզերվ կուտակել, խոսում ենք 65-70 մլն դոլարի մասին, ու հիմնադրամը կարողացել է հետ գնալ, հատուցումներ տալ 2008 թ. զոհերի ընտանիքներին ու հաշմանդամություն ձեռք բերածներին:
Սմբատ Սաիյանը ևս մեկ անգամ հստակեցրեց՝ հիմնադրամը զուտ գումարի փոխանցողն է, փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել այն կառույցներին, որտեղ ծառայել է զոհված կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողը:
Սմբատ Սաիյան - Դեռ կան մարդիկ, որոնք դեռ չեն ստացել իրենց հատուցումը, բայց խնդիրը կրկին այն մարմնի հետ է կապված, որտեղ ծառայել է զինծառայողը: Գիտենք, որ ունենք 200-250 դեպքի խնդիր, որ կապված են վերջին՝ 44-օրյա պատերազմին, բայց դեռ հատուցման գումարները չեն ստացել:
Բանախոսների կարծիքով՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը օժանդակություն տրամադրող բարեգործական հիմնադրամ չէ, այլ կյանքի ապահովագրության պրոֆեսիոնալ կառույց է, որը պարտավորվում է առնվազն 20 տարի լինել Հայրենիքի պաշտպան զինվորի ու նրա ընտանիքի կողքին: Եվ հենց այստեղ են առավել կարևորվում աշխարհասփյուռ հայության փոքր, բայց կայուն նվիրաբերությունները:
Սոնա Բաղդասարյան - Այսինքն՝ մարդը զոհել է իր առողջությունը կամ կյանքը հանուն Հայրենիքի, ու հայ ազգը իր փոքրիկ, բայց ամենամսյա նվիրաբերումով ու պարտադիր վճարների միջոցով իր հոգածությունն է ցույց տալիս և իր շնորհակալությունն է հայտնում անձանց ու ընտանիքներին: Մարդը երբ իր կյանքը և առողջությունը դնում է սահմանին, ինքը միշտ վստահ է, որ եթե մի բան լինի, իր ընտանիքը, երեխաները ծնողները ապահովագրված են գալիք 20 տարով, և դա շատ կարևոր կետ է:
Հիմնադրամի բազմաթիվ նախաձեռնություններից մեկն էլ «Մեգերյան կարպետի» հետ է, որտեղ բոլորը միասին հյուսում են Արցախի Ջրաբերդ գավառի Արևագորգը՝ հնարավորություն տալով յուրաքանչյուր քաղաքացու ունենալ իր փոքրիկ լուման՝ կապելով ևս մեկ հանգույց: Գորգը պատրաստ լինելուն պես կհանվի աճուրդի: