Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը դրսում շարունակում է պահանջված մնալ: Այս ոլորտում դեկտեմբերի 14-ի դրությամբ՝ Հայաստանից ավելի քան 200 հազար տոննա արտահանում է գրանցվել: Սա շուրջ 38.5 տոկոսով ավելի է 2020-ի (145830 տոննա) ամբողջ տարվա և 41.3 տոկոսով 2019-ի (142893 տոննա) ծավալից: Արտահանման առաջատարն այս ոլորտում կարտոֆիլն է՝ ավելի քան 48 հազար տոննա, ինչն ավելի է թե՛ 2020-ի, թե՛ 2019-ի ցուցանիշից: Ավելի քան 35 հազար տոննա էլ ծիրան է արտահանվել, ինչը ևս աճել է նախորդ երկու տարիների համեմատ: Արտահանման լավագույն եռյակում նաև լոլիկն է՝ մոտ 35 հազար տոննա (34961 տոննա), 2020-ի և 2019-ի համեմատ նույնպես աճ կա:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Փաստորեն մենք ունենք մոտ 50-60 հազար տոննայով ավելի արտահանում, կարծում եմ, որ մինչև տարվա վերջ այս թիվը նույնպես կաճի, և տարին կամփոփենք շուրջ 210-215 հազար տոննա ընդհանուր արտահանման ծավալով:
Ավելացել են ջերմատնային տնտեսությունները՝ ջերմոցները, ինչն ազդել է լոլիկի արտահանման աճի վրա, սակայն կան նաև խնդիրներ՝ նկատում են գյուղատնտեսները:
Հարություն Մնացականյան (գյուղատնտես) - 2017 թվականից այգեհիմնման աշխատանքները Հայաստանում մեծացել են, բնական ա, որ պիտի աճը բարձրանար, բայց էն տեմպերով չի, որ այդպես լինի, էդ աճը հիմնականում կապված է կարտոֆիլի հետ, որը մոտավորապես 30-40 հազար տոննայի կտրվածքով է, բայց պետք է հաշվենք, որ հեսա էդքան էլ ներմուծվելու է Հայաստան, որպեսզի կարողանան ներքին պահանջարկը բավարարել:
Լոգիստիկ խնդիրները շարունակում են որոշակիորեն ազդել արտահանման ծավալների վրա: Նաև այս պատճառով է, ասում է փոխնախարար Խոջոյանը, որ բանջարեղենի որոշ տեսակների արտահանման նվազում կա:
Արման Խոջոյան - Նվազել է մի փոքր վարունգի արտահանումը՝ պայմանավորված հենց 2021 թվականին Լարսում խցանումներով, եղանակային պայմաններով: Խցանումների պատճառով որոշ քանակի, խմբաքանակ վարունգ չարտահանվեց, իսկ որոշ արտադրողներ էլ պարզապես փոխեցին վարունգի արտադրությունը՝ փոխարինելով լոլիկի կամ պղպեղի արտադրությամբ, և այդ է պատճառը, որ, օրինակ՝ վարունգի արտահանումը մի փոքր նվազել է, իսկ պղպեղի արտահանումը և լոլիկի արտահանումը՝ հակառակը՝ աճել:
Հաշվի առնելով արտասահմանում հայկական գյուղմթերքի պահանջարկը, ոլորտում ներգրավված գյուղատնտեսներն արդեն աշխատում են, որ նաև նոր մշակաբույսերը հայտնվեն դրսի շուկաներում:
Հարություն Մնացականյան - Մի 2, 3, 4 տարի հետո կոնֆերենս տանձի հետ կապված արտահանումը կմեծանա, պլյուս նոր մշակաբույսեր էլ են արդեն սկսել մշակել՝ ինժիրնոե՝ տափակ դեղձը, այսպես ասած, հայերը սիրող դեղձ են ասում, նեկտարինի նոր սորտեր են բերում, և, ամենակարևորը՝ պիստակի արտահանում կսկսի մոտակա մի 2-3 տարի անց, պիստակի մշակությունն է լայն թափ առնում Հայաստանում:
Արտահանման ծավալից դժգոհ չեն, բայց ձեռքբերումներով չեն պատրաստվում սահմանափակվել: Նաև այս պատճառով է, որ վերջին տարիներին ինտենսիվ տեխնոլոգիայով մշակվող պտղատու այգիների և հատապտղանոցների մակերեսը պետական աջակցության ծրագրերի շնորհիվ շարունակաբար ավելանում է:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան