Օր ու գիշեր աշխատող սերվերների միջոցով մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողները հաշվարկներ են անում, մոդելավորում կենսաբանական գործընթացները: Գիտության կոմիտեի դրամաշնորհով միավորել են լաբորատորիայի երեք հիմնական ուղղությունները: Քաղցկեղային գոյացություններ են համակարգիչներով մոդելավորում, որը հնարավորություն կտա օնկոգենեզի պրոցեսը խաթարող դեղամիջոցներ մշակել, զբաղվում են նաև պարբերական հիվանդության ու կորոնավիրուս առաջացնող SARS վիրուսի մոդելավորմամբ:
Կարեն Նազարյան (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կենսաբանության գործընթացների մոդելավորման լաբորատորիայի վարիչ) - Վերջնարդյունքը հետևյալն է. մենք կկարողանանք մի շարք նյութեր առաջարկել, որոնք կորոնավիրուսի դեպքում կկարգավորեն, կխաթարեն այն փոխազդեցությունը վիրուսի և մարդու բջիջների, որն առաջացնում է հիվանդությունը:
Դրամաշնորհի օգնությամբ տեխնիկան կհզորացնեն ու կենսաինֆորմատիկայի ուղղությունները խորքային կուսումնասիրեն: Ծրագրի շրջանակում կոնկրետ դեղահաբեր չեն ստեղծի, արդյունքները կտպագրեն միջազգային գիտական ամսագրերում, հայտնի դեղագործական ընկերությունների հետ կփորձեն կապեր ստեղծել ու գործակցել:
Գրիգոր Առաքելով (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող) - Հիմնական երեք սպիտակուցները, որոնք փորձում ենք ուսումնասիրել, իրենց երրորդային կառուցվածքը էքսպերիմենտալ միջոցներով մինչև այս պահը ուսումնասիրված չէին եղել: Օգտագործելով տարբեր մեթոդներ՝ փորձում ենք ուսումնասիրել ինսիլիկո մոտեցումներով՝ օգտագործելով հաշվարկային մեթոդները:
Հետազոտության ընթացքում գործակցելու են Լոմոնոսովի ու Լոնդոնի թագավորական համալսարանների գիտաշխատողների հետ: Աշխատանքի հիմնական մասը՝ նախնական հաշվարկներն այստեղ, այս սերվերների օգնությամբ կանեն, իսկ վերջնական փուլում գործընկերների գերհզոր համակարգիչներով կմոդելավորեն: SARS վիրուսն այսօր աշխարհի մի շարք լաբորատորիաներում է ուսումնասիրվում, հատկապես խոշորացույցի տակ է պահում սփայք սպիտակուցը, մերոնց ուսումնասիրությունը տարբերվում է:
Կարեն Նազարյան - Մենք մոտեցանք այլ կերպ, փորձում ենք աշխատել ոչ թե սփայք սպիտակուցի հետ, այլ մեկ ուրիշ սպիտակուցի, որը գտնվում է վիրուսի ՌՆԹ-ի վրա, կարևոր դեր է խաղում վիրուսի կենսագործունեության ընթացքում: Այդ իմաստով մեր հետազոտությունը օրիգինալ է:
Այստեղ վստահ են՝ նորարար մոտեցմամբ 5 տարվա ուսումնասիրության շնորհիվ նոր ասելիք կունենան կենսաինֆորմատիկայի ոլորտում: