Իրաքից միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մարտական ստորաբաժանումների դուրսբերումն ավարտված է, երկրում մնում են միայն օտարերկրյա ռազմական խորհրդականները:
INA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրաքի զինված ուժերի հրամանատարության միավորված շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Թահսին ալ Հաֆաջին:
Իրաքի խորհրդարանը 2020 թ. հունվարի 5-ին ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել օտարերկրյա զորքերի դուրսբերմանը, ինչպես նաև կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի հետ համագործակցության ձևաչափի վերանայմանը: Այդ քայլերը ձեռնարկվել են՝ ի պատասխան Բաղդադի օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ի իրականացրած գործողության, որի արդյունքում նախորդ տարվա հունվարի 3-ի գիշերը սպանվել են իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի շիա աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսը:
Այդ իրադարձություններից հետո ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայից Իրաքի զինվորականների վերահսկողությանն են անցել մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ ավիաբազաներ և կոալիցիայի ռազմական խորհրդականների շտաբը: