18 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ Արցախի խորհրդարանում այսօր ընդունվել է երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: 2022 թվականի Արցախի պետական բյուջեի ծախսերը կկազմեն ավելի քան 215 միլիարդ 781 միլիոն դրամ:
Վահրամ Բաղդասարյան, Արցախի ֆինանսների նախարար - Եկամուտների մասով՝ 184 միլիարդ 300 միլիոն դրամ, որից միջպետական վարկի տեսքով՝ 144 միլիարդ դրամ, սեփական եկամուտների տեսքով՝ 40,3 միլիարդ դրամ, ծախսերի մասով՝ 215 միլիարդ 781,1 միլիոն դրամ: Դեֆիցիտը կազմում է 31 միլիարդ 481,1 միլիոն դրամ:
Ազգային ժողովի պատգամավորներից գործադիրը 101 առաջարկ է ստացել, որից 34-ն առաջին ընթերցումից հետո: Արդյունքում՝ բյուջեի նախագծում ծախսային փոփոխություններ են կատարվել: Հեռավար կրթությանը 2022-ին կուղղվի 60 միլիոն դրամ:
Վահրամ Բաղդասարյան - Սկզբնական փուլում նախատեսվում է հեռավար դասընթացների համար կահավորել Ստեփանակերտ քաղաքի դպրոցների դասասենյակները:
Եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի նախագահը: Արայիկ Հարությունյանը հիշեցրել է՝ 2020-ի դեկտեմբերի 1-ին Արցախն ուներ ավելի քան 70 հազար տեղահանված ընտանիք: Նրանց մեծ մասը պատերազմից ամիսներ անց վերադարձել է հայրենիք նաև բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:
Արայիկ Հարությունյան, Արցախի նախագահ - Ունենք 115 հազար բնակչություն Արցախում և ընդամենը 33 հազար բացակա: Շատ ավելի մեծ թվեր եմ ասում, սա այն պարագայում, երբ ունեցել ենք մոտ 40 հազար տեղահանված: Իհարկե, մենք ունենք տեղահանվածներ, որոնց մի մասը գտնվում է Արցախում, մի մասը՝ Հայաստանում, մի մասը՝ ՀՀ-ից դուրս: 5619 բնակելի տներ ստացել են տարբեր տեսակի շինանյութեր, ավարտվել է 798 տան վերանորոգման, ավելի շատ դա վերակառուցման աշխատանքներ գյուղերում, որտեղ ապրում են մեր հայրենակիցները:
Անցնող 2021-ին Արցախի կապիտալ շինարարության ծրագրին ուղղվել է 37 միլիարդ դրամ: Ենթակառուցվածքների գրեթե մեծ մասը վերականգնվել է: Իսկ կապի խնդիրն առաջացնում է Ադրբեջանը՝ վերահաստատել է Արցախի ղեկավարը:
Արայիկ Հարությունյան - Ադրբեջանական կողմը, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, կապի հնարավորություններ, որոշ բնակավայրերում ճնշում է կապը: Իհարկե, խաղաղապահների միջոցով փորձել ենք լուծել այդ խնդիրը, բայց չի հաջողվել, ցավոք, մինչև այսօր: Սակայն, նոր ներդրողը, որը ներկայացրել է իր ներդրումային ծրագիրը, ունենալու ենք ամենաժամանակակից կապը, ամենաէժան սակագները՝ առանց ռոումինգի, առանց այլ խանգարումների և շատ ավելի անվտանգ: Բայց մեկ-մեկուկես ամիս է անհրաժեշտ լինելու:
Արայիկ Հարությունյանը հայտարարել է՝ առաջիկա տասնամյակներում երկրի գլխավոր մարտահրավերը լինելու է ժողովրդագրական վիճակի բարելավումը: