Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչներին և մի խումբ համայնքների ղեկավարների:
Քննարկվել են 2020 թվականի Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված, Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած բնակչության խնդիրները, նրանց համար Արցախի Հանրապետության տարածքում նոր բնակավայրերի շինարարության ընթացքը, ինչպես նաև հարակից այլ հարցեր:
Նախագահը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեով այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, սոցիալական աջակցության ծրագրերը և նշել, որ դրանց զուգահեռ կյանքի են կոչվելու նաև զարգացման ծրագրեր:
«Բռնի տեղահանվածների համար նոր բնակավայրերի կառուցումը չի նշանակում, թե Արցախի Հանրապետության իշխանությունները հրաժարվում են տարածքային ամբողջականության վերականգնման պահանջից: Այն մնում է Արցախի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը»,- ասել է Ա. Հարությունյանը: