Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց համաճարակային իրավիճակը Հայաստանում:
«Հուրախություն մեզ՝ այս պահին բավականին լավ համաճարակային իրավիճակ կա՝ կապված նոր կորոնավիրուսային վարակի հետ: Երեկ գրանցվել է 129 դեպք 6885 թեստավորումից: Գրանցվել է մահվան 15 դեպք»,- ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ բարենպաստ իրավիճակը կպահպանվի, եթե նախատոնական ու տոնական օրերին ևս քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները:
«Հայաստանում իրականացված սեկվենավորման արդյունքներով դեռ «Օմիկրոն» նոր շտամը հայտնաբերված չէ: Երբ կունենանք հայտնաբերված դեպք, կհանրայնացնենք: Տվյալները ցույց են տալիս, որ, այնուամենայնիվ, պատվաստումները պաշտպանության բավականին բարձր շեմ են ապահովում նաև այս շտամի հանդեպ»,- ասաց Ավանեսյանը: