2021-ի հունվարի 1-ից հետո կառուցված ինքնակամ շինությունները հաշվառելու համար քաղաքացիները երկու ամիս ժամանակ կունենան այն բանից հետո, երբ նոր օրենքն ուժի մեջ մտնի: Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների փաթեթն օրենսդիրն անցած հինգշաբթի ընդունեց, հիմա այն նախագահի ստորագրմանն է ներկայացված: Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ փոփոխությունը միտված է դաշտը կանոնակարգելուն ու ապօրինի շինարարության դեմ ավելի արդյունավետ պայքարելուն:
Տիգրան Դադունց, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն - Հանրությունը պետք է իմանա այն մասին, որ նախագահի կողմից ստորագրվելուց ու ուժի մեջ մտնելուց հետո այլևս հնարավորություն չի ունենա կառուցել ինքնակամ կառույցներ այն հույսով, որ դրանք վերջում օրինականացվելու են:
Այս դեպքում խոսքը կիսակառույցներին էլ է վերաբերելու՝ հստակեցրեց Տիգրան Դադունցը: Ըստ նրա՝ օրինազանցներին վարչական, անգամ քերական պատասխանատվություն է սպասվելու: Վերահսկողական գործառույթը դրված է լինելու համայնքի ղեկավարի վրա, իսկ եթե պաշտոնյան թերանա, կմիջամտի տեսչական մարմինը:
Սահմանված ժամկետում ինքնակամ կառույցի հաշվառումը կատարելու համար քաղաքացին պետք է դիմի կադաստրի կոմիտե, իրականացնի չափագրում: Օրենքում փոփոխության ընթացքում դիտարկվել է նաև դրանց քանդման ընթացակարգը:
Մարտուն Գրիգորյան, Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինության և ճարտարապետության վարչության խորհրդական - Քաղաքացիները, որոնք կորոշեն կամավոր քանդել իրենց իսկ կառուցած շինությունները, կկարողանան ունենալ բոլոր այդ ընթացակարգերը:
Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակվելուց հետո 10-րդ օրը՝ հստակեցրեցին պատասխանատուները: Ինչ վերաբերում է մինչև 2021-ի հունվարի մեկը կառուցված ինքնակամ շինություններին, ապա այս դեպքում ժամկետները տարբեր են: Երևանում նման շինության հաշվառումը կարող է կատարվել մինչև 2023թ. հունվարի 1-ը, այլ քաղաքներում՝ մինչև 2024թ. հունվարի 1-ը, իսկ գյուղերում` 2025թ. հունվարի 1-ը։