Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են հաջորդ տարի սահմանին պահպանել գազի գինը՝ երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան հայտարարեց: Այս պահին կապույտ վառելիքի գինը սահմանին 1000 խմ դիմաց 165 դոլար է: Սա վերաբերում է 7900 կիլոկալորիականությամբ մատակարարվող գազին, որը մեր երկրի համար սահմանված և պայմանավորված նվազագույն շեմն է: Սակայն այս տարվա ընթացքում քաղաքացիներին մատակարարված գազը գերազանցել է 7900 կիլոկալորիան. ըստ էության, ավելի բարձրորակ գազի համար հնարավոր է ավելի շատ վճարել:
Ներկայում փաստացի, ըստ փոխվարչապետ Գրիգորյանի հայտարարության՝ երկու բաց հարց կա. առաջինը՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի խնդիրն է. 2013-ին կնքված հայ-ռուսական պայմանագրով Հայաստանը պարտավորվել էր ապահովել այդ բլոկի կառուցման ու արդիականացման համար արված ռուսական ներդրումների վերադարձը, սակայն այդ պարտավորությունները չեն կատարվել։ Երկրորդ հարցը գազի կալորիականությունը արժեքի մեջ ներառելն է։ Այսինքն այս պահին, երբ ամբողջ աշխարհում գազի գինը թանկանում է, և, օրինակ՝ Եվրոպայում, որտեղ օրեր առաջ 1000 խորանարդ մետրի դիմաց 2000 դոլարի շեմը գերազանցվեց, Հայաստանը գալիք տարվա համար գնային հստակություն ունի՝ սահմանին 165 դոլարը կպահպանվի:
Նարեկ Կարապետյան (տնտեսագետ) - Եվրոպական շուկայում տարեսկզբի համեմատ շուրջ 600 տոկոսով գազի շուկայական գինը աճել է, պետք է նշել, որ եվրոպական շուկայում գազի գինը, ի տարբերություն մեր շուկայի գնի, որտեղ Ռուսաստանի հետ առևտուրը տեղի է ունենում երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա, եվրոպական շուկայում այն տեղի է ունենում ավելի շատ շուկայական պայմաններով:
Հայաստանը, ճիշտ է՝ բանակցում ռուսաստանցի գործընկերների հետ՝ ասում է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, նկատում՝ արդյունքն այսօր տեսանելի է գազի հստակեցված գներում:
Նարեկ Կարապետյան - Մենք պետք է արձանագրենք, որ այսօրվա գոյացող շուկայական գնից բազմակի էժան է փաստորեն Հայաստան առաքվող գազը, և առավել ևս, որ առաջիկա 1 տարվա ընթացքում պիտի մնա: Եվ նաև կարևոր եմ համարում, որ մենք՝ որպես գազ սպառող երկիր, որևէ խնդիր այս առումով չենք ունենում:
Գազի հստակեցված գները վերացնում են անորոշությունները, և այս առումով Հայաստանը շահած է դուրս եկել: Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը հիշում է, որ դեռ մեկ-երկու տարի առաջ դժգոհություն կար, որ, օրինակ՝ Եվրոպայում գազն անհամեմատ էժան էր, քան Հայաստանում:
Նարեկ Կարապետյան - Փորձագետները նշում էին, որ անարդար իրավիճակ է ստացվել, երբ Ռուսաստանը 60-70 դոլարով գազ է մատակարարում Եվրոպային, մինչդեռ ԵԱՏՄ իր գործընկերոջը՝ Հայաստանին, 165 դոլար գինն է առաջարկում, սակայն պետք է հաշվի առնենք, որ Հայաստանի համար այդ գինը ֆիքսված էր երկարաժամկետ պայմանագրով, իսկ Եվրոպայում գինը փոփոխվում էր՝ շուկայական իրավիճակից կախված:
Կառավարության համար շատ կարևոր է, որ ԵԱՏՄ տարածքում գազի միասնական սակագին սահմանվի՝ ասում է պատգամավոր Շիրակ Թորոսյանը, վստահ է՝ դա հնարավորություն կտա շատ խնդիրներ կարգավորել, քանի որ շատ ապրանքների գներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն պայմանավորված են գազի գնով:
Շիրակ Թորոսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մենք, փաստորեն, երաշխավորված կերպով կայուն հեռանկար ենք տեսնում 1 տարվա կտրվածքով, այն առումով, որ գազը չի թանկանալու, և նրա հետ կապված այլ ապրանքներ ևս չեն թանկանալու, և գործարարները իրենց բիզնես պլանները նախագծելիս ավելի որոշակի տիրույթում են գործելու:
Այսօր Կառավարությունը հավանություն տվեց 2013-ի պայմանագրում փոփոխություններ կատարելուն, ինչը հնարավորություն կստեղծի 10 տարվա կտրվածքով Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 165 դոլար 1000 խմ համար, հաստատուն պահել:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան