Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։
Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության գերակա ուղղությունները:
Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ հայկական կողմի առաջնահերթություններից են լինելու ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումն ու կատարելագործումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացման խնդիրները:
Կողմերն ընդգծել են 2022 թվականի կարևորությունը Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի հոբելյանական 30-ամյակի և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 20-ամյակի առումով և հաստատել, որ գալիք տարում պլանավորված միջոցառումներն իրականացվելու են առավել արդյունավետ՝ ի նպաստ ՀԱՊԿ անդամ երկրների փոխգործակցության բարձրացման և ազմակերպության միջազգային դերակատարության ընդլայնման: