Հոկտեմբերին աշխատատեղերն ամենաշատն են եղել Հայաստանի պատմության մեջ՝ 667 217: Սա ավելի քան 4.3 տոկոսով շատ է նախորդ տարվա հոկտեմբերի (639 517) ցուցանիշից: Միջին ամսական անվանական աշխատավարձը հոկտեմբերին 199 754 դրամ է՝ շուրջ 10 տոկոսով ավելի 2020-ի (181 667) նույն ամսվա ցուցանիշից: Տվյալը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն, որտեղ հաշվարկված են բոլոր աշխատատեղերը, այդ թվում՝ արձակուրդից վերադարձած կամ նոր աշխատանքի ընդունված քաղաքացիներինը, որոնք դեռ եկամուտ չեն ստացել:
Պետական եկամուտների կոմիտեի տվյալով եկամուտ ապահոված աշխատատեղերը 654 000 են, ինչը ևս ռեկորդային է համարվում:
Արսեն Արզումանյան, ՀՀ ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման և հսկողության վարչության պետի տեղակալ - 2020 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատությամբ այս ցուցանիշն ավելացել է 32 000-ով, 2019 թվականի հոկտեմբերի համեմատությամբ՝ 31 000-ով, իսկ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ՝ 68 000-ով:
Ցուցանիշների աճն Արզումանյանն առաջին հերթին պայմանավորում է հարկ վճարողների կարգապահության մակարդակի բարձրացմամբ:
Արսեն Արզումանյան - Դրան զուգահեռ՝ էական է նաև ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունը, ընդ որում՝ ոչ միայն ստուգումները, այլև վերլուծական աշխատանքները: Կարևոր են նաև նոր ստեղծված աշխատատեղերը:
Հաշվի առնելով հետճգնաժամային վիճակը՝ այս ցուցանիշների աճը տնտեսագետները դրական են գնահատում:
Արմեն Քթոյան, տնտեսագետ - Հիմնական դերակատարները կամ ամենամեծ ներդրումն այս աճի մեջ ունեն մի կողմից կացության, հանրային սննդի, առևտրի ոլորտները, որոշակի չափով նաև կրթության ոլորտը: Այս ոլորտների պարագայում հասկանալի է, որովհետև մենք ունեինք ճգնաժամի ընթացքում համավարակային սահմանափակումներով պայմանավորված զբաղվածության որոշակի կրճատումներ:
Ամենաբարձր աշխատավարձն, ըստ տվյալների, արձանագրվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ միջինը 702 776 դրամ, իսկ ամենացածրը՝ կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 105 584 դրամ:
Արմեն Քթոյան - Մոտ 40 տոկոսով կամ բացարձակ թվերով 6000 հոգով ավելացել է զբաղվածների թիվը ՏՏ ոլորտում, սա դրական է ամենատարբեր առումներով: Նախ բարձր տեխնոլոգիական, բարձր արտադրողականություն ունեցող ոլորտ է, բացի այդ այստեղ նոր ստեղծվող աշխատատեղերն իրենք միջին հանրապետականի համեմատությամբ երեք, երեքուկես անգամ ավելի բարձր միջինում աշխատավարձ են ապահովում:
Ըստ տնտեսագետ Քթոյանի, սակայն, բավականին խնդրահարույց է միջին աշխատավարձի ցածր մակարդակը և որ զբաղվածության առավել մեծ մասնաբաժին ունեցող ոլորտներում աշխատավարձը միջինից զգալիորեն ցածր է:
ՊԵԿ պաշտոնյան ընդգծում է. յուրաքանչյուր նոր աշխատատեղ՝ կլինի նորաստեղծ, թե նոր հայտարարագրված հավելյալ եկամուտների հոսք է ապահովում բյուջե: Ի դեպ, Հայաստանում գրանցված կազմակերպությունների թիվը հոկտեմբերին կազմել է 56 854, ինչը կրկին շատ է նախորդ տարվա 10-րդ ամսից՝ շուրջ 7.1 տոկոսով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան