ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվել է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հնագույն և ժամանակակից ԴՆԹ նմուշների ամբողջական գենոմների համեմատական վերլուծություն: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության կայքից:
Այն ցույց է տվել, որ հայերը տարբերվում են Բալկանների հնագույն և ժամանակակից բնակիչներից՝ հերքելով հայ ժողովրդի ծագման վերաբերյալ պատմագիտության մեջ գերակշռող տեսություններից մեկը համարվող «բալկանյան վարկածը»։ Հետազոտություններն ուղղված են Հայկական լեռնաշխարհի բնակչության գենետիկական շարունակականության վերականգնմանը, հայկական գենոֆոնդի քարտեզագրմանը և իրականացվել են Քեմբրիջի, Կոպենհագենի, Տարտուի համալսարանների, ՌԴ գիտությունների ակադեմիայի համագործակցությամբ:
Գիտական աշխատանքների ղեկավար, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ասել է. «Հայկական լեռնաշխարհում հայերի նախնիների բնիկության կամ եկվորության հարցը վաղուց ի վեր բուռն բանավեճերի առարկա է հնագետների, մարդաբանների, պատմաբանների և լեզվաբանների շրջանում։ Հայ ժողովրդի՝ ակադեմիական գրականության մեջ շրջանառվող ոչ բնիկ ծագման վերաբերյալ վարկածների թվում գերակշռում է այսպես կոչված «բալկանյան տեսությունը», որը հիմնված է հին հույն պատմիչ Հերոդոտոսի (մ.թ.ա. 440 թ.) հաղորդած տեղեկությունների վրա։ Պատմագիրը հայերին համարում էր փռյուգիացի գաղութարարներ իրենց լեզվի և զինվորական հանդերձների պատճառով, որ նրանք կրում էին պարսից արքա Քսերքսեսի բանակում››։
Լեզվական, պատմական և հնագիտական համոզիչ ապացույցների բացակայության պարագայում հայերի բալկանյան ծագման վարկածն անհրաժեշտ է ստուգել ավելի զգայուն և օբյեկտիվ գործիքակազմի կիրառմամբ, ինչպիսինն է ժամանակակից գենետիկան։ «Այդ տեսանկյունից՝ Հերոդոտոսի «տարբերակը» հնարավոր է միայն բալկանյան գենետիկական սուբստրատի որոշակի ազդակների առկայության դեպքում՝ Բալկաններից մինչև Հայկական լեռնաշխարհ ընկած տարածաշրջանի ինչպես հնագիտական նյութում, այնպես էլ ժամանակակից բնակչության, այդ թվում՝ հայերի գենոֆոնդում»,– ասաց պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:
Անցյալի ժողովրդագրական գործընթացների մասին գենետիկական առումով «գրավոր» ապացույցներ ստանալու համար հետազոտվել են վերոնշյալ աշխարհագրական տարածքից ստացված հնագույն ԴՆԹ-ի նմուշները, որոնք պատկանում են ժամանակագրորեն հաջորդական դարաշրջաններին (նեոլիթից մինչև անտիկ)՝ համեմատելով դրանք նույն տարածաշրջանի ժամանակակից բնակչության գենետիկական նյութի հետ։ Ամբողջական գենոմային վերլուծության արդյունքում պարզվել է, որ հայկական գենոֆոնդն ունի ավելի քան 6000 տարվա շարունակական գենետիկական պատմություն։ Այս պատկերն էականորեն տարբերվում է հարավարևմտյան Ասիայի՝ արտաքին գենետիկական զգալի ազդեցությունների ենթարկված այլ պոպուլյացիաների ժողովրդագրական պատմությունից։
«Մի քանի հազարամյակների ընթացքում գենոֆոնդի կայունության բարձր մակարդակով հայերն առանձնանում են նույնիսկ Սարդինիայի բնակչությունից, որը երկար ժամանակ համարվում էր դասական՝ գենետիկական իզոլյատ նեոլիթից ընդհուպ մինչև բրոնզի դարի վերջը, այն դեպքում, երբ գրեթե ողջ մայրցամաքային Եվրոպան ենթարկվել է բազմաթիվ ներխուժումների օտարերկրացիների կողմից, որոնց գենետիկական ազդակները պահպանվել են մինչ օրս: Հայկական լեռնաշխարհում հայերի բնիկ ծագումն ապացուցող տեղեկություններն արժեքավոր աղբյուր են հայագետների համար, որոնք զբաղվում են հայերի էթնոգենեզի, հայկական մշակույթի և լեզվի ծագման ու զարգացման հարցերով»,- ընդգծել է պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը:
Հետազոտություններն իրականացվում են հայկական գենոֆոնդի ուսումնասիրմանն ուղղված մի շարք պետական ծրագրերի շրջանակում. դրանք հովանավորում է ՀՀ գիտության կոմիտեն։ Աշխատանքներն իրականացվել են առավելապես երիտասարդ գիտնականների ջանքերով։
Արդյունքները տպագրվել են Current Biology, Human Genetics, Human Biology, Molecular Genetics and Genomics ամսագրերում: