Մոսկվան ողջունել է Արևմուտքի պատրաստակամությունը Ռուսաստանի անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններ վարելու հարցում՝ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերջերս նշել էր, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների թվում կան ակնհայտ անընդունելի կետեր, և կան այնպիսիները, որոնք կարելի է քննարկել։ Պեսկովին ճեպազրույցի ժամանակ հարցրել են, թե ռուսական կողմը արդյոք պատրաստ է շտկել իր առաջարկները և գնալ զիջումների բանակցությունների շրջանակներում։
«Այն փաստը, որ Արևմուտքը հաստատել է իր պատրաստակամությունը՝ արդեն լավ է: Այժմ շատ կարևոր է, որ բանակցություններն ուղղված լինեն որոշակի արդյունքի, չձգձգվեն: Կան սկզբունքային կետեր՝ կապված այն գործընթացների հետ, որոնք սպառնում են Ռուսաստանի անվտանգությանը։ Բայց ամեն դեպքում, մենք շահագրգռված ենք բանակցություններով, ցանկանում ենք, որ դրանք կայանան, քանի որ բանակցությունները միմյանց դիրքորոշումները քննարկելու համար են»,- ասել է Պեսկովը:
Արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների բանակցությունները կսկսվեն հունվարին։