Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը քննադատել է թուրքական իշխանություններին՝ նրանց մեղադրելով ահաբեկչությունը կոծկելու համար։ Պատճառը դեկտեմբերի 10-ին Թուրքիայի Քոջայելի մարզում չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումն ու արձանի տեղադրումն է՝ գրում է BBC-ն:
Ի պատասխան՝ Կադիրովը սպառնացել է Գրոզնիում հավերժացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Աբդուլլահ Օջալանի անունը։ Կազմակերպությունը Թուրքիայում և շատ այլ երկրներում համարվում է ահաբեկչական, իսկ Օջալանը ցմահ բանտարկության պատիժը կրում է Իմրալի կղզու թուրքական բանտում։
Չեչնիայի նախագահն Էրդողանին նաև կոչ է արել կողմնորոշվել: «Կա՛մ ստանում եք ահաբեկիչներին հրապարակայնորեն աջակցող պետության կարգավիճակ, կա՛մ թափանցիկ և ազնիվ հարաբերություններ եք պահպանում Ռուսաստանի հետ՝ չփոխելով ձեր համոզմունքները նրա թիկունքում»,- գրել է Չեչնիայի ղեկավար Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Ի դեպ, Թուրքիայի այդ քայլի առիթով ավելի վաղ իր դժգոհությունն էր հայտնել նաև ՌԴ ԱԳ նախարարությունը: