ԿԱԴԻՐՈՎՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Էրդողանը պետք է կողմնորոշվի: «Կա՛մ ստանում եք ահաբեկիչներին հրապարակայնորեն աջակցող պետության կարգավիճակ, կա՛մ թափանցիկ և ազնիվ հարաբերություններ եք պահպանում Ռուսաստանի հետ՝ չփոխելով ձեր համոզմունքները նրա թիկունքում»,- այս մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գրել է Telegram-ի իր ալիքում։
Կադիրովի նման գրառման պատճառ է դարձել դեկտեմբերի 10-ին Թուրքիայի Քոջայելի մարզում չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը և արձանի տեղադրումը: Ավելի վաղ այս կապակցությամբ իր դժգոհությունն էր հայտնել նաև ՌԴ ԱԳ նախարարությունը:
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԲԱՔՈՒ
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը մեկնել է Բաքու: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ակնկալվում է, որ կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումները։
ԿԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՌԴ-Ի ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության՝ ցանկացած ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման օրակարգը համաձայնեցվում է, և անհրաժեշտության դեպքում նա պատրաստ է անձամբ զանգահարել Պուտինին՝ համաձայնեցնելու բանակցությունների թեմաները։
Ավելի վաղ ՌԴ նախագահը, մեկնաբանելով անձնական հանդիպման մասին առաջարկին, նշել էր, որ եթե խոսքը վերաբերում է Դոնբասի հարցի քննարկմանը, ապա Ուկրաինայի ղեկավարությունը պետք է առաջին հերթին հանդիպի Լուգանսկի և Դոնեցկի առաջնորդների հետ՝ փորձելով կարգավորել իրավիճակը Ուկրաինայի արևելքում, և հետո միայն երկխոսություն սկսել երրորդ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։
ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Թուրքիայի բնակչության 57 տոկոսը կարծում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նոր տնտեսական մոդելը սխալ է: Այս մասին փաստում են վերջին սոցհարցումները: Բանկերի վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման քաղաքականության պատճառով Թուրքիայում նոյեմբերին գնաճը հասել է 21,3 տոկոսի, իսկ թուրքական փոխարժեքը շարունակում է արժեզրկման նոր ռեկորդներ սահմանել:
ՈՒԿՐԱԻՆԱ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Թուրքիան և Ուկրաինան 2022 թվականի սկզբին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրեն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ներկայումս կողմերն բանակցում են համաձայնագրի ստորագրման հետ կապված վիճահարույց հարցերի կարգավորման ուղղությամբ:
ՌԴ-Ն, ԻՐԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան պայմանավորվել են Թեհրանում 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին Աստանայի ձևաչափով գագաթնաժողով անցկացնել։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարի հատուկ քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ալի Ասղար Հաջին՝ հավելելով, որ գագաթնաժողովին կնախորդեն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև բանակցությունները: