Երևանի քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց՝ քաղաքապետի և ավագանու, Կառավարության միջև ճգնաժամ կա: Նա հայտնեց նաև, թե ինչու է համաձայնել ստանձնել քաղաքապետի պաշտոնը:
«Այս պահին կա ճգնաժամ ավագանու և Կառավարության միջև, այդ ճգնաժամի լուծման համար ես իմ համաձայնությունն եմ տվել»,- ասաց Սարգսյանը:
Նա նշեց, որ գործող քաղաքապետի հետ խնդիրներ չի ունեցել:
Հարցին ի պատասխան՝ եթե գոհ է Հայկ Մարությանի աշխատանքից, ինչպե՞ս է համաձայնել քաղաքապետի թեկնածությանը և ինչո՞ւ է մասնակցում գործընթացին, Սարգսյանը նշեց.
«Մեր քաղաքական համակարգը, ինստիտուտը ձևավորված է այդ տրամաբանությամբ, կարծում եմ՝ եթե դժգոհություն կա, մենք պետք է մտածենք սրանից հետո, որ փոփոխության ենթարկենք, որ ոչ թե կուսակցությամբ ներկայանա քաղաքապետը, այլ իր անհատականությամբ ներկայանա, որպեսզի այդ խզումը չլինի: Եթե օրենսդրության տրամաբանությունը տանում է դրան, ապա ունենք այն իրավիճակը, ինչ հիմա ունենք»: