ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 28-ին տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԿՈՒՄ
Փորձնական գործարկվել է Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա երթուղին: Այս մասին հայտարարել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ավտոճանապարհների և ավտոմոբիլային տրանսպորտի վարչության տնօրեն Ուրջալի Ալիզադեն։
«Նոր երթուղին ստեղծվել է 3 երկրների միջև համաձայնագրի հիման վրա, և այսօր Թավրիզից երեք բեռնատար կանցնեն այդ երթուղով՝ դեպի Բաթումի նավահանգիստ»,- նշել է Ալիզադեն՝ հավելելով, որ տարանցիկ երթուղին թույլ կտա Իրանից, տարածաշրջանի երկրներից և ԱՊՀ-ից ապրանքներ տարհանել դեպի Եվրոպա։
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԲԱՔՈՒ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ժամանել է Ադրբեջան։ Մեկօրյա այցի ընթացքում նա մի շարք հանդիպումներ է անցկացնելու պաշտոնատար անձանց հետ։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի գործարկման հարցը։
ԷՐԴՈՂԱՆԸ ԽՈՍԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԻ ՀԵՏ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նորընտիր կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացման հնարավորություններին, քննարկել տարածաշրջանային զարգացումները։ Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններին՝ ընդգծելով, որ դրանք պետք է կառուցել դրական օրակարգի շրջանակում՝ հիմնված Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության հեռանկարի վրա։
«ՕՄԻԿՐՈՆ» ՇՏԱՄԸ ԳԵՐԻՇԽՈՂ Է. ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՆՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
«Օմիկրոն»-ը դարձել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի գերիշխող տարբերակը։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Նոր շտամով վարակման դեպքերի թիվը հասել է ավելի քան 73 %։
Վարակի տարածման ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել։ «Որքան շատ է տարածվում վարակը, այնքան ավելի շատ նոր շտամեր են հայտնվում, և դրանք ավելի մահաբեր կարող են լինել, քան նախորդ տարատեսակները», - ընդգծել է նա։
Իսրայելում կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովը որոշել է խստացնել գործող սահմանափակումները՝ կանխելու «Օմիկրոնի» հետագա տարածումը. մասնավորապես, կվերականգնվեն առևտրի կենտրոններում այցելուների թվի սահմանափակումները, ինչպես նաև պարտադիր կդառնա դիմակներ կրելը և սոցիալական հեռավորություն պահելը։
Գերմանիայի իշխանությունները նույնպես խստացնում են հակահամաճարակային կանոնները։ Դեկտեմբերի 28-ից փակվելու են ակումբները, և չեղարկվելու են միջմարզային միջոցառումները։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցաը՝ հավելելով, որ սահմանափակումները վերաբերելու են նաև ֆուտբոլային հանդիպումներին։ Արգելվելու է նաև տնային խնջույքների ժամանակ փակ տարածքում ավելի քան 10 մարդու ներկայությունը։
Ֆրանսիայի նախարարների կաբինետն էլ դեկտեմբերի 27-ին արագացված ընթացակարգով կքննարկի «պատվաստման անցագրեր» ներդնելու հարցը։ Կառավարությունը նպատակ ունի հաստատելու օրինագիծը հունվարի առաջին կեսին։ Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «պատվաստման անցագրերը» փոխարինելու են «սանիտարական անցագրերին», որոնք տրամադրվում են ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի արդեն 106 երկրում: