Նախորդ տարվա պատերազմի պատճառով տեղահանված մարդկանց 75 հազար եվրո օգնություն ուղարկելուց հետո Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահը Երևանում է: Ցեղասպանության հուշահամալիրում անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցում, հարգանքի տուրք են մատուցել նաև Եռաբլուրում՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Վալերի Պեկրես (Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ) - Պատերազմի ամբողջ պատասխանատվությունն Ադրբեջանի վրա է, քանի որ իրենք են Թուրքիայի հետ սանձազերծել այն՝ ջիհադիստների օժանդակությամբ: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները կարևոր նախազգուշացում էին Եվրոպայի համար: Կարծում եմ՝ Հայաստանի անվտանգային հարցերը նաև Ֆրանսիային են վերաբերում: Շատ սխալ կլիներ մեր կողմից կարծել, թե Հայաստանում կատարվողը մեզ չի սպառնում, Եվրոպայի պատմությունը լի է դասերով. վտանգները գլուխ են բարձրացրել, երբ դրանք թերագնահատվել են: Այս առումով կոչ եմ անում, որ վերադարձվեն բոլոր ռազմագերիները, հատկապես որ ըստ պայմանավորվածության՝ Հայաստանը տվել է ականապատման քարտեզները, ուստի այլևս ոչինչ չի արդարացնում Ադրբեջանին, որ ռազմագերիներին դեռ պահում է Բաքվում:
Երրորդ անգամ Հայաստան այցելած մադամ Պեկրեսն ասում է՝ Ֆրանսիան նաև Եվրոպայում կարող է որոշիչ դեր ունենալ, քանի որ հունվարից ստանձնում է Եվրամիության նախագահությունը և կարող է մյուս երկրներին համոզել ավելի ներգրավվել տարածաշրջանի հիմնախնդիրների լուծմանը:
Վալերի Պեկրես - Ամենից շատ կուզենամ երկարատև խաղաղություն հաստատվի, կարծում եմ՝ այս ուղղությամբ որոշակի շարժ կա, ուստի կարծում եմ, որ Մինսկի խումբը և ԵՄ-ն կարող են հանդես գալ որպես վստահելի երրորդ կողմ, որ այս բանակցությունները հաջող ավարտվեն՝ երկու կողմի հարգանքի պայմաններում: Բայց շատ լավ ենք հասկանում, որ դժվարին բանակցություններ են և բոլորովին պետք չէ միամիտ լինել այս հարցում: Կարևորում եմ նաև Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում հոգևոր մշակութային ժառանգության պահպանումը. 150 եկեղեցի, բազում հայկական խաչաքարեր, բայց մեզ համար կարևոր է նաև կրոնական ազատության հարցը, որպեսզի ուխտավորները կարողանան այցելել իրենց սրբատեղիները:
Վալերի Պեկրեսը Երևանից հեռանալիս էլ վստահեցնում է՝ Իլ դը Ֆրանսում Հայաստանն ընկալում են որպես ուղերձ, որ քրիստոնյաներն իրենց ուրույն տեղն ունեն Արևելքում: