Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը չորեքշաբթի նկատողություն է արել Ադրբեջանում հանրապետության դեսպան Կայրաթ Օսմոնալիևին՝ չհամաձայնեցված հայտարարությունների համար, որոնք շահարկումների տեղիք են տվել ԶԼՄ-ներում։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությանը։
Մամուլի ասուլիսի ժամանակ Օսմոնալիևը խոսել է «5+3» հարթակ հրավիրելու Ղրղզստանի նախաձեռնության մասին, որին կմասնակցեն Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրները։ Այն ենթադրում է մասնակից պետությունների համագործակցությունը քաղաքականության, տնտեսության և մշակույթի ոլորտներում։ Դեսպանի խոսքով՝ նախաձեռնության նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև հարթակին մասնակցող ենթադրյալ երկրների հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, Թուրքիան։
Հղում անելով Ղրղզստանի դիվանագիտական առաքելության ղեկավարի ասուլիսին՝ մամուլում հայտնվել են հրապարակումներ, թե, իբր, «Ղրղզստանը Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի երկրներին հրավիրել է հանդիպել Ռուսաստանից առանձին»։ Նախագահի աշխատակազմն այդ հրապարակումներն անվանել է իրականությանը չհամապատասխանող և սադրիչ։