Շրի Լանկայի իշխանությունները Իրանին առաջարկել են նավթի պարտքը մարել թեյով: Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով հանրապետության պլանտացիաների նախարարին:
Շրի Լանկայի իրանական նավթի պարտքը կազմում է մոտ 251 մլն դոլար, սակայն մարման հետ կապված խնդիրներ կան: Նախ՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների պատճառով անհնար է գումարը փոխանցել իրանական բանկերի միջոցով։ Իսկ թեյը ՄԱԿ-ի կողմից համարվում է առաջին անհրաժեշտության ապրանք, և դրա արտահանումն Իրան չի խախտի որևէ միջազգային օրենք:
Բացի դրանից՝ Շրի Լանկան համավարակի ֆոնին ծանր պարտքային և արժութային ճգնաժամ է ապրում, որը սրվել է զբոսաշրջության ոլորտի եկամուտների նվազմամբ: Իսկ թեյով, այլ ոչ թե դոլարով հաշվարկը երկրին թույլ կտա խնայել այդքան անհրաժեշտ արտարժույթը։
Շրի Լանկան առաջարկում է 251 միլիոն դոլարի պարտքը մարել մի քանի տարվա ընթացքում՝ ամեն ամիս Իրան ուղարկելով 5 միլիոն դոլարի թեյ։
Երկիրը տարեկան արտադրում է մոտ 340 մլն կգ թեյ։ 2020 թվականին Շրի Լանկան արտահանել է 265,5 մլն կգ, իսկ եկամուտը կազմել է 1,24 մլրդ դոլար։