«Քովիդ-19»-ն ու պատերազմը չեն խանգարել Հայաստանին և Ռուսաստանին պահպանել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը: Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ անցկացվել է երկու երկրների տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստը:
Մհեր Գրիգորյան, ՀՀ փոխվարչապետ - Այսօրվա նիստի շրջանակներում քննարկվել են երկկողմ առևտրա-տնտեսական հարաբերությունների, միջպետական գործակցության, վառելիքա-էներգետիկ ոլորտի գործակցության, ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման հարցեր: Երկկողմ տնտեսական գործակցության օրակագում է նաև թվայնացման, նորարարության և նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում արդյունավետ գործակցության հարցերը:
Ալեքսեյ Օվերչուկ, ՌԴ փոխվարչապետ - Ռուսաստանը շահագրգռված է փոխադարձ առևտրի և ներդրումների առավել ակտիվ զարգացմամբ։ Ռուսական բիզնեսը կարող է արդյունավետ լուծումներ առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների, թվային տնտեսության զարգացման համար:
2020-21 թվականներին գործակցության մի շարք համաձայնագրեր են ստորագերվել, 20-էլ նախագծային փուլում են՝ նշել է Ռուսաստանի փոխվարչապետը: Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ այս տարվա սեպտեմբերին և հոկտեմբերին ավելի քան 40 ռուսական ընկերություն է այցելել Հայաստան՝ ներդրումային դաշտով հետաքրքրված: Գրեթե նույնքան խոշոր ընկերություններ էլ արդեն իսկ գործունեություն են ծավալում մեր երկրում: Այս պահին ռուսական ներդրումների ծավալը, ըստ ռուս պաշտոնյայի, կազմում է Հայաստանի տնտեսության օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի գրեթե 40 %-ը։
Ալեքսեյ Օվերչուկ - Ռուսաստանը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը։ 2021 թվականի հունվար-հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2,1 մլրդ դոլար՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,3 տոկոսով։ Հայաստանը՝ գյուղատնտեսական արտադրանքի և թեթև արդյունաբերական ապրանքների ավանդական մատակարար է։ Ռուսաստանն էլ շարունակել է մեծացնել տրանսպորտային միջոցների, արդյունաբերական սարքավորումների և հանքային արտադրանքի մատակարարումը:
Նիստի արդյունքում հաջողվել է բացահայտել հայ-ռուսական գործակցության բոլոր հեռանկարային ուղղությունները. նշել է Մհեր Գրիգորյանն ու նաև ԵԱՏՄ շրջանակում գործակցության հնարավորություններին անդրադարձել:
Մհեր Գրիգորյան - Հայաստանը և Ռուսաստանը, նաև որպես ԵԱՏՄ անդամներ պետք է հասնեն նրան, որ ապրանքների և ծառայությունների, աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժը լինի ոչ թե դեկլարատիվ հնարավորություն, այլ փաստացի իրականություն: Մենք պետք է մեծ ջանք ներդնենք այս ամենի իրականացման համար:
Հաջորդ տարի նշվելու է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակները։ Գրիգորյանը վստահեցրել է, հայկական կողմը կգործադրի առավելագույն ջանքեր՝միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար։
Նիստի ավարտին կողմերը ստորագրել են Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև միջտարածաշրջանային գործակցության վերաբերյալ 2022-2027 թվականների ծրագիրը: Կողմերը վավերացրել են նաև շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև սպորտի ոլորտներում գործակցությանն առնչվող փաստաթղթեր: