Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ-Մաքթումի նախկին կինը՝ արքայադուստր Հայա բին ալ-Հուսեյնը, ամուսնալուծությունից հետո 550 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 730 միլիոն դոլար) կստանա: Որոշումը կայացրել է Լոնդոնի Գերագույն դատարանը: Դա կդառնա անգլիական արդարադատության պատմության մեջ ամենաթանկ ամուսնալուծությունը՝ գրում է BBC-ն:
Գումարը վճարելու է 72-ամյա միլիարդատեր, Դուբայի կառավարիչ, Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ Շեյխ Մուհամմեդը:
Ըստ դատարանի որոշման՝ գումարի մեծ մասը կօգտագործվի զույգի երկու երեխայի անվտանգությունն ապահովելու համար՝ առաջին հերթին հենց Դուբայի էմիրի «լուրջ սպառնալիքից»։ Արքայադստեր խոսքով՝ 2019 թվականի մայիսին շեյխն իրեն ասել է, որ ինքը և իր երեխաները երբեք ապահով չեն լինի Անգլիայում։
2019 թվականին, վախենալով իր անվտանգության համար, Դուբայի տիրակալի վեցերորդ կինը՝ արքայադուստր Հայա բին ալ-Հուսեյնը, Հորդանանի թագավոր Հուսեյն 2-րդի քույրը, 14-ամյա դստեր ու 9-ամյա որդու հետ փախել է ԱՄԷ-ից։ Նա ասել է, որ իրեն խորապես անհանգստացրել է ամուսնու վերաբերմունքը մյուս երկու դուստրերի՝ արքայադուստր Լաթիֆայի և Շամսայի հանդեպ: Նրանց առևանգել են և իրենց կամքին հակառակ վերադարձրել Դուբայ։
Նույն թվականին Լոնդոնի Գերագույն դատարանում սկսվեց Հայա բին ալ-Հուսեյնի երեխաների խնամակալության և ֆինանսական օգնության գործը։