ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բանկի մասնաճյուղի կառավարչի կողմից կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացում, կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ յուրացման մեխանիզմը:
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերից մեկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը, միասնական դիտավորությամբ, իր կառավարչական լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ, սակայն իր օգտին օգտագործելով, կեղծ դրամարկղի ելքի օրդերներ պատրաստելու և օգտագործելու եղանակով մաս-մաս ելքագրել և հափշտակել է 2017-2020թթ. ընկած ժամանակահատվածում քաղաքացիների կողմից բանկի մասնաճյուղում ներդրված ավանդների՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 618 000 ԱՄՆ դոլար գումար՝ բանկին զրկելով իր պարտավորությունների կատարումից և պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կառավարչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ կետով (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելանք է դրվել կառավարչի գույքի վրա:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: