Արմավիրի ավագանու առաջին նիստը Սարդարապատի թանգարանում էր: Վայրի ընտրությունը ոչ թե օրիգինալ երևալու համար էր, այլ՝ հիշարժան օրը պատմական միջավայրում վավերացնելու: Բացի դրանից՝ Սարդարապատն արդեն խոշորացված Արմավիրի կազմում է: Նորընտիր ավագանու բոլոր՝ 27 մանդատն էլ «Քաղաքացիական պայմանագրինն» են:
Դավիթ Խուդաթյան (Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար) - Ես ռիսկեր չեմ տեսնում, աշխատանքը լինելու է արդյունավետ, ի նպաստ խոշորացված համայնքի, վստահ եմ՝ առաջիկա 5 տարիներին 27 հոգանոց ՔՊ-ական ավագանիով հաջողվելու է համայնքի կառավարումը:
Երդման տեքստը կարճ ու հստակ էր՝ ծառայել համայքի բարգավաճմանն ու պաշտպանել դրա իրավունքները և օրինական շահերը: Խոշորացված Արմավիրի ղեկավարը պարբերաբար կայցելի այն համայնքներ, որոնք միավորված փնջի մաս են դարձել: Խնդիրներին պետք է ծանոթանալ տեղում՝ ասում է Խութադյանը, որ նախընտրում է աշխատել մարդկանց հետ՝ ուղիղ շփման միջոցով:
Դավիթ Խուդաթյան - Ես աշխատասենյակում շատ ժամանակ չեմ անցկացնում, նախընտրում եմ լինել շինհրապարակներում, այս դեպքում նաև՝ վարչական շրջաններում:
Մինչև տարեվերջ ավագանին երկրորդ նիստն էլ կանի: Պետք է հաստատեն բյուջեն, տարանջատեն առաջնահերթությունները, ժամանակացույց կազմեն արդյունավետ աշխատանքի համար: Խոշորացումից հետո համայնքի աշխարհագրությունն ընդլայնվել, գործերը շատացել են: Նախկին մեկի փոխարեն հիմա 11 համայնք է ներառում Արմավիրը:
Դավիթ Խուդաթյան - Շարունակելու ենք աշխատել այն ուղղություններով, որոնցով աշխատում էինք, բայց դա ընդգրկելու է ավելի մեծ ծավալներ, մարդկային մեծ ռեսուրսներ:
Իսկ ինչպե՞ս է բաշխվելու միասնական բյուջեն, որ և՛ համայնքները հետընթաց չապրեն, և՝ դժգոհ կողմ չլինի:
Առաջ ենք տանելու համայնքների համաչափ զարգացման տեսլականը, ինչը կտեսնեն քաղաքացիները առաջիկա 1-2 տարվա ընթացքում:
Ավագանու ամենատարեցը Մյասնիկյանից է: Ասում է՝ իրենց բնակավայրը կուտակված բազմաթիվ խնդիրներ ունի: Գյուղական բյուջեի սղությունը թույլ չի տվել լուծել դրանք: Հույս ունի, որ միավորվելուց հետո հնարավոր կլինի ըստ առաջնահերթությունների լուծել խնդիրների գոնե մի մասը:
Արմավիրի ավագանու կազմում առաջին անգամ նաև կանայք կան: Քիչ չեն նաև երիտասարդները. առաջարկությունների փաթեթ են պատրաստում:
Ավագանին չի բացառում, որ նիստերը երբեմն շրջիկ բնույթ կունենան: