Դոնբասում ռազմական գործողության տարածքում առաջին անգամ Ուկրաինայի Զինված ուժերը կիրառել են ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ուկրաինական Дом հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ այժմ ուկրաինական բանակը զինված է մոտ 100 Javelin կայաններով և դրանց համար նախատեսված մոտ 500 հրթիռով։ Համալիրներն առաջին անգամ օգտագործվել են Դոնբասում՝ նշում է հեռուստաալիքը, որը հեռարձակվում է Կիևի կողմից չվերահսկվող շրջանում։ Հստակեցվում է, որ համալիրը կիրառվել է Դոնեցկի շրջանի փորձադաշտում, ոչ թե մարտական գործողություններում։
2014 թվականից ի վեր Միացյալ Նահանգները 2,5 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար, միայն այս տարի՝ ավելի քան 400 միլիոն դոլար։ Վաշինգտոնը զենք է մատակարարում Կիևին և հրահանգիչներ ուղարկում զինվորականներին պատրաստելու համար։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն էլ հավանություն տվեց Կիևին մահաբեր զենք վաճառելուն և Ուկրաինան սկսեց ստանալ Javelin հակատանկային հրթիռային համակարգեր։ Այսպիսով, հոկտեմբերին ԱՄՆ իշխանությունները Ուկրաինային մատակարարել են 30 համալիր և դրանց համար նախատեսված 180 հրթիռ։
Դոնբասում ուկրաինական ռազմական գործողության հրամանատար Ալեքսանդր Պավլյուկը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ ուկրաինական բանակը Կիևի կողմից վերահսկվող հատվածում մշտապես օգտագործում է թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր և, անհրաժեշտության դեպքում, պատրաստ է օգտագործել Javelin հակատանկային հրթիռային համակարգեր: