Ձեր աշխատողների թիվը, այդ թվում՝ քանիսն են պատվաստված, քանիսը՝ ՊՇՌ թեստավորված: Յոթ հոգի ենք, յոթս էլ՝ պատվաստված:
Կարճ ու կոնկրետ պատասխանը առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հարցին էր վերաբերում: Տեսչական մարմինը հերթական խստացված ստուգումներն է իրականացրել խոշոր առևտրի կենտրոններից մեկում: Բանավոր պատասխանով, սակայն, տեսչականի աշխատողները չեն բավարարվում, մանրակրկիտ ստուգում են պատվաստվածների փաստաթղթերը:
Ինչ ուզեցին, ներկայացվեց: Սա այն դեպքերից է, երբ տեսուչները գոհ են դուրս գալիս խանութից: Ընդամենը փոքրիկ դիտարկումներ, այն էլ՝ գրանցամատյանի լրացման հետ կապված: Հաճախ տեսչական մարմինը նույն կազմակերպությունում բազմակի ստուգումներ էլ է անում՝ ասում է Առողջապահական և աշխատանքի տեսչության իրազեկման բաժնի պետը:
Գայանե Խաչատրյան (ԱԱՏՄ իրազեկման բաժնի պետ) - Արձանագրված խախտումների դեպքում, որոնք հիմնականում քիչ չէին տրվում են նաև ցուցումներ խախտումները վերացնելու համար, տնտեսվարողներին իրազեկում են՝ ինչ է անհրաժեշտ և հետագա այցերի ընթացքում ուշադրություն է դարձվում, թե տնտեսվարողը որքանով է կատարել տեսչական մարմնի ցուցումները:
Մեծ ուշադրություն են դարձնում առևտրի կենտրոններին: Այս վայրերում, նախատոնական առևտրով պայմանավորված, մարդկանց հոսքն է շատացել:
Օգոստոսից սկսած՝ ԱԱՏՄ տեսուչները գրեթե 24 հազար սուգայց են իրականացրել, արձանագրել 590 խախտում: Հիմա խախտումները նվազում են՝ ասում է Գայանե Խաչատրյանը: Հոկտեմբերից սկսած՝ առողջապահության նախարարի հրամանով պատվաստման ու թեստավորման փաստաթղթերի տասը հազար ստուգում են արել, հայտնաբերել 410 խախտում: