Ամանորի առևտուրը թեժանում է․ տոնական սեղանի ու նվերների գնումները սկսած սպառողին՝ մեծ ու փոքր տեղական արտադրողները շտապում են ներկայացնել իրենց առաջարկները։
Մանուշակ Մուրադյան («Արևիկ» հրատարակչության աշխատակից) - Ամանորի ամենալավ նվերը միշտ եղել ու կլինի գիրքը․․․
էլեն Արևշատյան (Emma Veled ընկերության ներկայացուցիչ) - Ամանորի նվերներ են՝ զոդիակի նշաններով․․․
Հայկական արտադրության օծանելիքից մինչև տոնական օրվա հագուստ, ձեռագործ խաղալիքներից մինչև սնունդ: Մարզահամերգային համալիրում բոլորին միավորել է տարվա Բիգ-Քրիսմաս մարկետը։ Կազմակերպիչները պնդում են՝ շեշտը դրել են մի կողմից նորաստեղծ բրենդներին շուկային ներկայացնելու, մյուս կողմից՝ առանց խանութների վերադիրի՝ մարդկանց առաջին ձեռքից ապրանք գնելու հնարավորություն տալու վրա։
Դիանա Հարոյան («Բիգ Պրոջեքթս» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար) - 360-ից ավելի ընկերություն՝ հիմնականում խմիչքի և սննդի արտադրողներ և ավելի շատ՝ ճնշող մեծամասնությունը՝ ձեռագործ աշխատանքներ, նվերներ, տեքստիլ, մեծ մասը՝ հայկական արտադրության:
Ովքեր տեսականուն ծանոթ են՝ իրենց համար են գնում, ովքեր դեռ ոչ․․․ Ամանորի նվերների համար գայթակղվում են տոնական փաթեթավորմամբ՝ այցելուների ակտիվության մասին ասում են հայկական սարերի ծաղիկներից ու համեմունքների ինչպես թեյ, այնպես էլ դեմքի խնամքի բնական միջոցներ առաջարկողները։
Արփինե Պողոսյան (aveta ապրանքանիշի հիմնադիր) - Ապրանքանիշը նոր է շուկայում, ուզում ենք հնարավորինս ավելի լայն ճանաչում ձեռք բերել, որ կա բնական հիմքով դեմքի մաշկի թարմացուցիչ:
Մարիամ Միքայելյան (teayan ընկերության ներկայացուցիչ) - Հայկական խոտաբույսերից են պատրաստվում և գեղեցիկ փաթեթավորում ունեն և շատ համեղ են ու առանց հավելումների:
Տաղավարից տաղավար՝ մարդիկ ավելացնում են գնումները: Կաթնամթերք, մսամթերք, քաղցրեղեն․ տոնավաճառի մասնակիցներից յուրաքանչյուրն այստեղ է բերել իր բրենդային հպարտությունը։
Նելլի Ասատրյան (SweetNella ընկերության տնօրեն) - Ունենք ծիրանի կորիզով սուջուխ, որ միայն մենք ենք արտադրում, և նռան հյութով սուջուխ, որ մեր բեսթսելլերն է:
Բիգ-Քրիսմաս մարկետում գնումները տուն հասցնելու մասին էլ են մտածել․ չմոռանաք Նոր տարուց առաջ պոլիէթիլենային տոպրակներին փոխարինող էկո-պայուսակներ ձեռք բերել՝ էստի համեցեք են կանչում կարող վարպետների տաղավարից, հիշեցնում՝ հունվարի 1-ից ցելոֆանն արգելվելու է։
Մարգարիտ Ստեփանյան («Մագի» ընկերության հիմնադիր) - Չլինի որ՝ մեկն ասի՝ ես պոլիէթիլենից հետո չեմ կարող կտորի տոպրակ կրել:
Տոնական, գունավոր ու համեղ սեղանների կողքով՝ անտարբեր․․․ միայն ՔՈՎԻԴ-ի դեմ պատվաստող բուժքույրերն են անցնում։ Տոնական առևտուրը նրանք կսկսեն՝ սրսկվել ցանկացողների հետ գործը համալիրի բակում բացված շրջիկ կետում ավարտելուց հետո։ Ժամանակ դեռ կա․ Բիգ-Քրիսմաս մարկետը տևելու է մինչև դեկտեմբերի 26-ը, գրեթե ամեն օր բաց կլինեն մինչև երեկոյան ժամը 10-ը։