Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար առկա են բոլոր հնարավորությունները: Ալիևը, մատնանշելով երկու երկրի ԱԳ նախարարների միջև նախկինում կայացած 5 հանդիպումները, ընդգծել է սերտ շփումների կարևորությունը: Աբդոլլահիանն, իր հերթին, կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը և բեկումնային անվանել Աշխաբադում Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ ԱԼիևի հանդիպումը:
*****
Կանադական «Ֆրեյզերի ինստիտուտ» վերլուծական կենտրոնը հրապարակել է ամենամյա «Գլոբալ ազատությունների» զեկույցը, որում Թուրքիան նահանջել է 6 հորիզոնականով: Նախորդ տարի երկիրն այդ աղյուսակում 133-րդն էր, իսկ այս տարի՝ 139-րդը: Զեկույցի համաձայն՝ Թուրքիան տնտեսությամբ և մարդու իրավունքների տեսանկյունից ամենաազատ երկրների ցանկում վերջին 30-ից մեկն է։ Փաստաթղթում, ընդհանուր առմամբ, ներառված է 165 երկիր:
*****
Փորձնական գործարկվել է Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա երթուղին: Այս մասին հայտարարել է Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ավտոճանապարհների և ավտոմոբիլային տրանսպորտի վարչության տնօրեն Ուրջալի Ալիզադեն։ «Նոր երթուղին ստեղծվել է 3 երկրների միջև համաձայնագրի հիման վրա, և այսօր Թավրիզից երեք բեռնատար կանցնեն այդ երթուղով՝ դեպի Բաթումի նավահանգիստ»,- նշել է Ալիզադեն՝ հավելելով, որ տարանցիկ երթուղին թույլ կտա Իրանից, տարածաշրջանի երկրներից և ԱՊՀ-ից ապրանքներ տարհանել դեպի Եվրոպա։
*****
«Էրդողանը պետք է կողմնորոշվի: Կա՛մ ստանում եք ահաբեկիչներին հրապարակայնորեն աջակցող պետության կարգավիճակ, կա՛մ թափանցիկ և ազնիվ հարաբերություններ եք պահպանում Ռուսաստանի հետ՝ չփոխելով ձեր համոզմունքները նրա թիկունքում»,- այս մասին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գրել է Telegram-ի իր ալիքում։ Կադիրովի նման գրառման պատճառ է դարձել դեկտեմբերի 10-ին Թուրքիայի Քոջայելի մարզում չեչենական անջատողական շարժման առաջնորդ Ջոհար Դուդաևի անվան զբոսայգու բացումը և արձանի տեղադրումը: Ավելի վաղ այս կապակցությամբ իր դժգոհությունն էր հայտնել նաև ՌԴ ԱԳ նախարարությունը:
*****
Եվս 7 երկիր միացել է Բելառուսի դեմ Եվրամիության պատժամիջոցների հինգերորդ փաթեթին։ Այն ներառում է 17 ֆիզիկական անձի և 11 կազմակերպություն։ Այժմ Եվրամիության հակաբելառուսական պատժամիջոցներում, ընդհանուր առմամբ, ներառված է 183 անձ, 26 կազմակերպություն։ Արգելվել է նրանց մուտքը միության տարածք, սառեցվել են հաշվիները, իսկ եվրոպացի անձանց և կազմակերպություններին թույլ չի տրվելու պատժամիջոցների ցանկում ներառվածներին միջոցներ փոխանցել: Բելառուսը, ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, հունվարի 1-ից վեց ամսով պարենային էմբարգո կսահմանի ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից և մի շարք այլ երկրներից որոշ ապրանքների նկատմամբ։
*****
«Օմիկրոնը» դարձել է ԱՄՆ-ում կորոնավիրուսի գերիշխող տարբերակը։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Նոր շտամով վարակման դեպքերի թիվը հասել է ավելի քան 73 %-ի։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել քաղաքացիներին պատվաստվել։ «Որքան շատ է տարածվում վարակը, այնքան ավելի շատ նոր շտամեր են հայտնվում, և դրանք ավելի մահաբեր կարող են լինել, քան նախորդ տարատեսակները»,- ընդգծել է նա։
Դեկտեմբերի 28-ից Գերմանիայում փակվելու են ակումբները և չեղարկվելու են միջմարզային միջոցառումները։ Այս մասին հայտարարել է կանցլեր Օլաֆ Շոլցը՝ հավելելով, որ սահմանափակումները վերաբերելու են նաև ֆուտբոլային հանդիպումներին։ Արգելվելու է նաև տնային խնջույքների ժամանակ փակ տարածքում ավելի քան 10 մարդու ներկայությունը։
Ֆրանսիայի նախարարների կաբինետն էլ դեկտեմբերի 27-ին արագացված ընթացակարգով կքննարկի «պատվաստման անցագրեր» ներդնելու հարցը։ Կառավարությունը նպատակ ունի հաստատելու օրինագիծը հունվարի առաջին կեսին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցմամբ՝ կորոնավիրուսի «Օմիկրոնով» վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի արդեն 106 երկրում:
Իսրայելը աշխարհում առաջին երկիրն է, որ սկսել է զանգվածային պատվաստումների չորրորդ փուլը։ Առաջինը վերապատվաստվելու են 60 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները և բուժաշխատողները: