Երևանի կենտրոնում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի գործով երկու մեղադրյալների՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի և «ԱՕԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գոռ Դավթյանի մասով նախաքննությունն ավարտվել է:
Գործը, ենթադրվում է, առաջիկայում դատարան կգնա փողերի լվացման դրվագով: Մյուս մեղադրյալ՝ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի մասով քննությունը շարունակվում է: Նա հետախուզման մեջ է: Նշենք, որ ԱՕԿՍ-ի շենքը հանդիսանում է պատմամշակութային հուշաձան, իսկ հողատարածքը, որի վրա այն կառուցված է, ընդգրկված է Հողային օրենսգքրի 60-րդ հոդվածի սահմանափակումների մեջ և չի կարող օտարվել:
Նարեկ Մենդիկյան (Երևան քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քննիչ) - Ձևական օտարման գործընթացներ իրականացնելով՝ նշված գույքը վաճառել են իրենց մերձավորներին՝ այդպիսով փորձելով օրինականացնել հանցավոր ծագում ունեցող գույքը: Այսպես՝ 2011 թվականին հիմնադրվել է «ԱՕԿՍ» ՍՊԸ-ն, որպեսզի «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերության» գույքը ներդրվի որպես ավանդ ՍՊԸ-ի կապիտալում, որպեսզի կարողանան ՍՊԸ-ի կապիտալում գտնվող գույքն օտարել Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը: Այդ նպատակով ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանը ձեռնամուխ է եղել ՍՊԸ-ի հիմնադրման, այնուհետև ՀԿ-ին պատկանող գույքի օտարման գործընթացը կազմակերպելուն:
Ի դեպ, ըստ քննիչի, օֆշորում գրանցված ընկերության տնօրենը Հասմիկ Պողոսյանի հարսն է, որն էլ, ըստ մեղադրանքի, ձևական օտարման գործընթացներով ընկերության 100 տոկոս բաժնեմասի 50 տոկոսը վաճառել է Արմեն Սմբատյանի ընկերոջը, իսկ 25 տոկոսը՝ Գոռ Դավթյանի մորը՝ այդպիսով փորձելով վերջնական ավարտին հասցնել գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքների գրանցումը:
Նարեկ Մենդիկյան - Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքը և դրան պատկանող հողամասի վրա կալանք դնելու մասին, որպեսզի տնօրինողները չկարողանան ձևական օտարման գործընթացներ իրականացնել:
Վերոնշյալ մեղադրանքների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արմեն Սմբատյանի պաշտպաններից, սակայն վերջիններս հրաժարվեցին մեկնաբանություն տալուց:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան